Էբրահիմ Ռայիսիի մշակութային քաղաքականությունը՝ հիմնված հարևանակենտրոնության և «բանիմաց հավասարակշռության» վրա
Էբրահիմ Ռայիսիի մշակութային քաղաքականությունը՝ հիմնված հարևանակենտրոնության և «բանիմաց հավասարակշռության» վրա
Էբրահիմ Ռայիսին վերափոխիչ կառավարիչ էր իր ղեկավարած բոլոր բնագավառներում, ով աննախադեպ ենթակառուցվածքային միջոցառումներ իրականացնելով՝ զարգացման նոր ուղիներ նախանշեց բոլոր ոլորտներում, այդ թվում՝ մշակույթի ասպարեզում: Նա իր կարճատև նախագահության ընթացքում առանձնահատուկ ջանադրություն ցուցաբերեց մշակույթի և մշակութային դիվանագիտության բնագավառում և միջազգային հարաբերություններում մշակույթի դերի և իսլամական հեղափոխության ինքնության և արժեքների ներկայացման հարցում դրա ուժի խոր գիտակցմամբ, մեծ քայլեր կատարեց այս ուղղությամբ։ Այլ երկրների հետ հարաբերությունների հաստատման գործում Այաթոլլահ Ռայիսիի ձեռնարկած միջոցառումները բազմաթիվ դրական արդյունքներ են ունեցել, որոնցից հատկապես հիշարժան են Իրանի անդամակցությունը Բրիկսին և Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Նրա դիվանագիտական ջանքերի արտացոլումները կարելի է գտնել իր նահատակության կապակցությամբ այլ երկրների ղեկավարների կողմից հղված ցավակցական ուղերձներում։
Նահատակ Ռայիսիի արտաքին քաղաքականության վերլուծությունը
Էբրահիմ Ռայիսիի դիտարկմամբ հարևան երկրները մշակութային, տնտեսական և քաղաքական անսպառ ներուժ ունեն, և այս հնարավորություններն ու կարողությունները օգտագործելու համար նա բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկել՝ այսպիսով, մեծ առաջնահերթություն տալով հարևան և բարեկամ երկրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ հնարավոր բոլոր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը։ Տասներեքերորդ կառավարությունը, արտաքին քաղաքականությունում որդեգրելով «բանիմաց հավասարակշռության» սկզբունքը, ձգտել է հավասարակշիռ կերպով զարգացնել իր հարաբերությունները բոլոր երկրների հետ թե՛ հյուսիսում և հարավում, և թե՛ արևելքում և արևմուտքում։ Այս մոտեցումը հանգեցրեց նրան, որ Իրանը, դուրս գալով քաղաքական մեկուսացումից, միջազգային հարթակում նախկինից էլ առավել ակտիվ կեցվածքով հանդես գա։ Բրիքսին և Շանգհային անդամակցությունը կարելի է տասներեքերորդ կառավարության համար կարևոր ձեռքբերում համարել։
Ստորև համառոտ ներկայացնում ենք արտաքին քաղաքականության ոլորտում Է․ Ռայիսիի գործունեության մի շարք օրինակներ․
- Արտաքին գործուղումներ։ Իր նախագահության ընթացքում Է․ Ռայիսին 15 հարևան երկիր է այցելել, ինչը այդ երկրների ղեկավարների հետ անմիջականորեն գործակցելու նրա որոշման ցուցիչն է:
- Տարածաշրջանային գագաթնաժողովներին և աշխատաժողովներին մասնակցությունը։
Է․ Ռայիսին ակտիվ դերակատարություն է ունեցել տարածաշրջանային գագաթնաժողովներում մասնակցության և դրանց կազմակերպման մեջ, ինչպիսիք են Կասպից ծովի ափամերձ երկրների և Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարների գագաթնաժողովները, ինչի արդյունքները տեսանելի են տարբեր ներքին և արտաքին հարթակներում։
- Տնտեսական համագործակցության զարգացում։
Է․ Ռայիսիի կառավարությունը Իրանի և հարևան երկրների միջև առևտրի և ներդրումների ծավալների մեծացման նպատակով բազմաթիվ համաձայնագրեր է կնքել, որոնք ոչ միայն հանգեցրին Իրանում օտար ներդրումների աճին, այլ նաև մեծ խթան հանդիսացան փորձի և գիտելիքի արտահանման, ինչպես նաև առևտրի ոլորտում մեծ շարժեր ձևավորելու հարցում։
- Մշակութային հարաբերությունների ամրապնդում։
Երջանկահիշատակ նախագահի՝ Իրանի և հարևան երկրների միջև մշակույթի և սպորտի ոլորտներում փոխանակման ծրագրերը միտված են եղել ժողովուրդների միջև հասարակական և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը, և այս առումով նշանակալի ջանքեր են գործադրվել զբոսաշրջության տեսակների հարստացման և դրանց համար անհրաժեշտ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ։ Մասնավորապես, նրա ուշադրության կենտրոնում էին գտնվում մշակութային և կրոնական զբոսաշրջությունը, քանի որ Իրանը երկար դարերի ընթացքում բոլոր կրոնների հետ խաղաղ գոյակցություն է ունեցել, և այնտեղ ատրուշանների ու եկեղեցիների գոյությունը, որոնք դիվանագիտական ջանքերով համաշխարհային ժառանգության մաս են հռչակվել, կրոնական զբոսաշրջության ոլորտում Իրանի ունեցած լայն հնարավորությունների վկայություն է։
Է․ Ռայիսին մշակութային դիվանագիտությունը չէր դիտարկում որպես միայն հասարակության բարձր շերտերով սահմանափակվող իրողություն, այլև շեշտադրում էր հասարակության տարբեր շերտերում այս հանգամանքին ուշադրություն դարձնելու կարևորության վրա։ Նա համոզված էր, որ ամեն իրանցի, որտեղ էլ որ լինի, կարող է իրանի մշակույթի դեսպանը դառնալ և իր երկրի մշակույթն ու արժեքները ներկայացնել այլոց։ Այս առումով, նա մարդկանց խնդրում էր, որ արտերկիր ճանապարհորդելիս իրանական ավանդույթներն ու սովորույթները պատշաճ կերպով ներկայացնեն մյուսներին, ինչպես նաև իրենց տներում և աշխատանքի վայրերում օգտագործեն իրանական մշակութային առարկաներ։
Է․ Ռայիսին նաև հավատում էր, որ կարելի է լավագույնս օգտագործել երկրի միջազգային համալսարանների ընձեռած հնարավորությունները՝ կարևորելով Իրանում օտարերկրյա ուսանողների դերը, ովքեր ունակ են օտարերկրացիներին ուղղորդել դեպի Իրանի մասին առավել ճշմարիտ և խորը ճանաչողություն։
- Աջակցություն միջազգային մակարդակում մշակութային փոխանակմանը։
Միջմշակութային փոխանակումը և այլ մշակույթների հետ աղերսակցությունը նույնպես գտնվում էին պարոն Ռայիսիի ուշադրության կենտրոնում։ Նա համոզված էր, որ նմանատիպ փոխանակումները քաղաքակրթությունների միջև երկխոսության և ժողովուրդների միջև խաղաղության ու փոխըմբռնման հաստատման համար կարևոր հող են նախապատրաստում։ Նրա նախագահության ընթացքում ականատես եղանք Իրանի և այլ երկրների, մասնավորապես՝ հարևան երկրների ու Հայաստանի միջև մշակութային շարժի ու անցուդարձի ավելացմանը։ Իրանում կազմակերպվեցին բազմաթիվ ցուցադրություններ և փառատոններ՝ նպաստելով աշխարհում Իրանի մշակույթի և արվեստի ներկայացմանը։ Պարոն Ռայիսիի նախագահության ընթացքում նկատելի էր նաև երկրի ներսում արվեստի և մշակույթի գործիչներին ցուցաբերված աջակցությունը։ Տասներեքերորդ կառավարությունը իր գործունեության ողջ ընթացքում զգալիորեն աջակցել է արվեստի և մշակույթի գործիչներին՝ անցկացնելով մշակութային տարբեր փառատոներ, տրամադրելով վարկեր և ֆինանսական աջակցություն արվեստագետներին, ինչպես նաև նախաձեռնելով մշակութային վայրերի կառուցման և վերազինման միջոցառումները։
Ամփոփում
Նահատակ Այաթոլլահ Ռայիսին իր կարճատև նախագահության ընթացքում մշակութային դիվանագիտության ոլորտում արժեքավոր ծառայություն է մատուցել: Իրանի վերաբերյալ ճշմարիտ պատումի կերպավորումը, միջազգային ասպարեզում մշակութային փոխանակման աջակցությունը, տարբեր մակարդակներում մշակութային դիվանագիտության հանդեպ ուշադրությունը, մշակութային, Հայաստանի նման հարևան և բարեկամ երկրների հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացումը կարևորելով ՝ նա կարևոր քայլեր է կատարել ազգերի միջև բարեկամության ամրապնդման ուղղությամբ։ Այս ճիգերի պտուղները, անկասկած, ապագայում երևան կգան։ Նահատակ Այաթոլլահ Ռայիսին, որդեգրելով ակտիվ և բարիդրացիության վրա հիմնված քաղաքականություն, հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ մեծ քայլեր է կատարել։ Այս միջոցառումները դրական և հարատև ազդեցություն են ունեցել Իրանի և հարևանների միջև հարաբերություններում և ծառայել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը։
Մոհամմադ Ասադի Մովահեդ
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակութային հարցերով խորհրդական