Սոհրեվարդին և աստվածային լույսի ցոլքը
Էշրաղ (Ešrāq) եզրը ինքնին լույսի ցոլք է նշանակում, սակայն փիլիսոփայական եզրաբանության համատեքստում այն նշանավորում է բանականության և լուսավորության օրհնաշատ հայտնությունը մարդու բնության մեջ։ «Էշրաղի» փիլիսոփայությունը Շեյխ Էշրաղ Շահաբ ադ-Դին Սոհրեվարդիի կողմից հիմնված ուսմունքն է։ Շեյխ Էշրաղի կարծիքով իսկական փիլիսոփան նա է, ով փիլիսոփայության հիմունքներին և ձևական տրամաբանությանը տիրապետելուց զատ կարող է սեփական էությունը մաքրագործելով անցնել հոգևոր կատարելագործման աստիճանները և իր մեջ գտնել աստվածային լուսո նշույլները։ Ինքը՝ Սոհրեվարդին, իր աշխատանքներում նշում է, որ իր ուսմունքը այն մարդկանց համար է նախատեսված, ովքեր ի լրումն բանավիճելու արվեստի և փաստարկային ճանաչողության, ավելի բարձր աշխարհի ճշմարտությունների հայտնության են ձգտում, և իր փիլիսոփայությունը հասկանալու նախապայմանը, այսպիսով, ընթերցողի սրտում աստվածային լուսո երևան գալն է համարում։ Սոհրեվարդին շեշտում է․ «նրանք, ովքեր միայն փիլիսոփայական բանավեճի են ընդունակ և աստվածապաշտության և աստվածային լուսո փնտրտուքին չեն տրվել, ավելի լավ է պերիպատետիկյան դպրոցին (ճեմական) հետևեն»։ Նա նաև համոզված է, որ «էշրաղականների» () առաքելությունը այս արտացոլանքների փնտրտուքով միայն չի սահմանափակվում։
Այսպիսով, փիլիսոփայության տարանջատումը ճեմական և էշրաղական ուղղությունների փիլիսոփայության պատմության տեսանկյունից խորը արմատներ ունի։ Իրականում, Արիստոտելի հետևորդները մեծ հաշվով ճեմականներ են համարվում, մինչդեռ Պլատոնի հետևորդների հայացքները մեծամասամբ նմանվում են էշրաղականներին։
Իսլամական փիլիսոփայության ներկայացուցիչներից ալ-Քինդին, Ֆարաբին, Էբն-է Սինան, Նասեր ալ-Դին Թուսին և իբն Ռուշդը ճեմական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից են։ Իսլամական աշխարհում ճեմականները ճանաչում են ձեռք բերել էբն-է Սինայի շնորհիվ։
Էշրաղի փիլիսոփայության ազդեցությունը
Ինչպես արդեն ասվեց, Շեյք Էշրաղից հետո հայտնիություն ձեռք բերեց այն միտքը, որ էշրաղականների գաղափարական սկզբնադիրը Պլատոնն է եղել։ Այսուամենայնիվ, Շեյխ Էշրաղիի փիլիսոփայությունը, ազդված լինելով ժամանակի սուֆիական և միստիկ ուսմունքներից, լիովին նոր հայեցակարգ է և հանդիսանում է նշված ուսմունքների և հեղինակի հայացքների արգասիքը։ Անհրաժեշտ է նշել, որ ի հակադրություն ճեմականների դպրոցին, էշրաղական դպրոցը իր հիմնադրից՝ Շեյխ Էշրաղից բացի այլ խոշոր հետևորդներ չի ունեցել, և միայն կարելի է հիշատակել մի քանի մեկնիչների, ովքեր մեկնաբանել են նրա ստեղծագործությունները, ինչպես նաև փիլիսոփաների, ովքեր մեծապես ազդված են եղել այս ուսմունքից։ Որոշների կարծիքով, իսլամական փիլիսոփայության ամենակարկառուն դեմքերից մեկի՝ Մոլա Սադրայի ուսմունքներում զգալի է Էշրաղի փիլիսոփայության ազդեցությունը, իսկ Ղոթբ ադ-Դին Շիրազին և Շամս ադ-Դին Շահրազուրին, ովքեր մեկնաբանել են նրա երկերը, նրա գաղափարական ազդեցության կրողներն են հանդիսանում։
Սոհրեվարդիի կենսագրությունը
Սոհրեվարդին՝ հայտնի նաև šaykh al-išrāq (թրգմ․ «լուսավորության վարպետ») տիտղոսով, ծնվել է 1154 թ․ (հիջրայի թվ․ 549թ․) Զանջանի մոտակայքում գտնվող Սոհրեվարդ քաղաքում։ Իսլամական իրավաբանության հիմքերին ծանոթացել է Մարաղայում՝ աշակերտելով Մաջդոդդին Ջիլիի և Ֆահրադդին Մոհամմադ Ռազիի մոտ։ Մի քանի տարի անց է կացրել Սիրիայում՝ ճանապարհորդելով և հագուրդ տալով իր գիտական պրպտումներին։ Այս ընթացքում նա ծանոթացել է նաև օկուլտիստական ուսմունքներին։ Այնուհետև ճամփորդելով Սպահան՝ սերտել է տրամաբանության գիտությունը։ Հենց այս քաղաքում տեղի ունեցավ նրա ծանոթությունը Էբն-է Սինայի հետ։ Այնուհետև որոշ ժամանակ աշակերտում է Թահերեդդին Ղարիի մոտ։ Տեղափոխվելով Մարդին (Թուրքիա)՝ հյուրընկալում է նաև ժամանակի խորագետ և միստիկ Ֆահրադդին Մարդինիին։ Նրա հանգրվաններից էր նաև Հալեպ քաղաքը, որտեղ հանդիպում է Սալահ ադ-Դին Այյուբին։ Վերջինս առաջարկում է նրան մնալ իր պալատում և Սոհրեվարդին համաձայնում է։ Սակայն պալատական փիլիսոփաների շրջանում բազմաթիվ թշնամիներ ձեռք բերելով՝ 1191 թ․ (հիջրայի թվ․ 587թ․) Սալահ ադ-Դինի հրամանով զնդան է նետվում և 38 տարեկան հասակում մահանում։ Նրան հողին են հանձնում Հալեպ քաղաքում։
Հուլիսի 30-ը, որին համապատասխանում է մորդադ ամսվա 8-ը Իրանի ազգային օրացույցում որպես «Սահրվարդի մեծարման օր» է նշվում։
Անվանում | Սոհրեվարդին և աստվածային լույսի ցոլքը |
Երկիր | Իրան |
Մականուն | Շեյխ Իշրաղ |
1154 թ․ (հիջրայի թվ․ 549թ․) |