Շահրիարի կյանքն ու ստեղծագործությունը․ միայն սեր և ոչինչ
Շահրիարի կյանքն ու ստեղծագործությունը․ միայն սեր և ոչինչ
«Շահրիարը» Մոհամմադ Հոսեյն Բեհջաթի կեղծանունն է։ Նրա կարևորագույն ստեղծագործությունը ատրպատականյան թյուրքերենով գրված «Հեյդար Բաբա» ստեղծագործությունն է, որը թարգմանվել է 80-ից ավելի լեզվով։
Շահրիարը ծնվել է 1906թ․ Թավրիզի մոտակայքում գտնվող Խոշգենաբ ավանում։ Նրա հայրը՝ Հաջ Միր Աղա Խոշգենաբին Թավրիզի ավագանու անդամ էր, և բանաստեղծը իր հորը մշտապես հիշատակում է որպես իր ուսուցիչ։
Մոհամմադ Հոսեյն Բեհջաթ Թաբրիզին իր առաջին բանաստեղծությունը գրել է 4 տարեկանում։ Դեռևս մանուկ հասակում տեղափոխվեց Թավրիզ՝ սովորելով տեղի տարրական և միջնակարգ դպրոցներում։ Այստեղ սովորեց գրել և կարդալ 3 լեզուներով՝ պարսկերեն, թյուրքերեն և արաբերեն։ Այնուհետև տեղափոխվեց Թեհրան և ուսումը շարունակեց Թեհրանի «Դար-օլ Ֆոնուն» կրթահամալիրի բժշկական դպրոցում՝ պրակտիկա անցնելով մի շարք հիվանդանոցներում։ Վերջին տարում տարբեր հանգամանքներով պայմանավորված ստիպված էր թողնել ուսումը, և չնայած հետագայում գործադրված բազմաթիվ ջանքերի, մեկ տարվա բացթողածը վերականգնել չհաջողվեց, և այսպիսով, ստիպված եղավ անցնել պետական ծառայության։ Մի քանի տարի աշխատեց Նիշապուրի և Մաշհադի փաստաթղթերի գրանցման գրասենյակում, իսկ 1936 թ․ անցավ աշխատանքի Թեհրանի հողագործական բանկում։
Շահրիարի անսահման սիրո պատմությունը
Բժշկական կրթության առաջին տարիներին Շահրիարը սիրահարվում է Սորիա անունով մի աղջկա։ Ցավոք սրտի, Սորիայի սիրո համար պայքարում էր նաև Չերաղալին, ով Ռեզա շահի հորեղբոր որդին էր և ժամանակի Մազանդարանի նահանգապետը։ Այդ իսկ պատճառով, Սորիան ստիպված էր ամուսնանալ վերջինիս հետ։ Այս իրողությունը խորը ազդեցություն թողեց Շահրիարի վրա, այնպես որ նա այլևս անկարող էր շարունակել կրթությունը։
Տարիներ անց Շահրիարը հիվանդանում է և ստիպված է լինում բուժումը անցնել Թեհրանում։ Այստեղ նա կրկին հանդիպում է իր նախկին սիրուն՝ Սորայաին, ով եկել էր հիվանդատեսի։ Այս հանդիպումից ազդված՝ Շահրիարը գրում է իր ամենահայտնի գազելներից մեկը՝
آمدی جانم به قربانت ولی حالا چرا
بی وفا حالا که من افتاده ام از پا چرا
Եկել ես հոգիս քեզ ղուրբան, սակայն, ինչու՞ հիմա
Օ՜, անհավատարիմ, երբ ես ընկած եմ, ինչու՞ հիմա
Այս դեպքից հետո Շահրիարը այլևս չտեսավ Սորիային։ Հետագայում, վերլուծելով անցյալը, նա սիրո մեջ իր անհաջողությունը աստվածային նախախնամություն է համարում, մի պարգև, որը նրան առաջնորդեց դեպի իսկական և հոգևոր սեր։
«Հեյդար Բաբայա Սալամ »
Շահրիարը իր առաջին ստեղծագործություններում գործածում էր «Բեհջաթ» կեղծանունը, սակայն հետագայում որոշեց նոր կեղծանուն ընտրել Հաֆեզի վիճակահանությամբ և այսպիսով, Հաֆեզը նրան «Շահրիար» կնքեց։
Իր առաջին բանաստեղծությունները գրել է պարսկերենով։ Շահրիարը հաճախ էր պատմում, որ երբ իր ստեղծագործությունները մոր համար էր ընթերցում, մայրը միշտ ասում էր․ «տղա՛ս, բանաստեղծություններդ մայրենի լեզվով էլ գրի՛ր, որպեսզի մայրդ էլ հասկանա դրանք»։ Մոր և բարեկամների ու ծանոթ մարդկանց կողմից այս հորդորները հաշվի առնելով՝ Շահրիարը իր փառահեղ «Հեյդար Բաբայա Սալամ» գործը գրեց հարազատ թյուրքերենով։ Ընդհանրացնելով, Շահրիարը գրել է 28 հազար բեյթ պարսկերենով և մոտ երեք հազար բեյթ թյուրքերենով։
Շահրիարի փառքը հատել է Իրանի սահմանները, և այսօր ողջ աշխարհում նա ճանաչված իրանցի բանաստեղծ է։
Անվանում | Շահրիարի կյանքն ու ստեղծագործությունը․ միայն սեր և ոչինչ |
Երկիր | Իրան |
Մականուն | شهریار |
1285 هجری شمسی | |
Աշխատանքներ | کلیات اشعار، حیدر بابا یه سلام (منظومه شعری به زبان ترکی) |