Ջաբբար Բաղչեբանը՝ Իրանցի խուլ ու համր մանուկների բարի ուսուցիչը
Ջաբար Բաղչեբանը Իրանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների առաջին դպրոցի և մանկապարտեզի հիմնադիրն է։ Նա ծնվել է Հայաստանի Երևան քաղաքում, սակայն արմատներով Թավրիզից էր։ Նրա մայրը բանաստեղծուհի էր, իսկ հայրը, մեծ սեր ունենալով «Շահնամեի» և հինիրանական էպիկական ավանդույթի հանդեպ, որդու մեջ նույնպես այդ սիրո սերմերը ցանեց։ Ջաբարը Իրանի գրականության և մշակույթի ոլորտում հռչակ ձեռքբերելուց առաջ զբաղված էր հոր արհեստով՝ հրուշակագործությամբ։ Նրա կյանքի վայրիվերումների մասին քչերն էին տեղյակ, սակայն փաստ է, որ տասնհինգ տարեկան հասակում ֆինանսական խնդիրների պատճառով ուսումը թողնելով՝ հիմնականում շինարարությամբ ու հրուշակագործությամբ էր գումար վաստակում։ Սակայն գրի հանդեպ սերը վերջիվերջո իրենը վերցրեց և այսպիսով միաժամանակ սկսեց երգիծաբանական հանդեսների համար հոդվածներ գրել՝ աստիճանաբար դառնալով պարբերականի խմբագիր։
Ջաբբար Բաղչեբանի հայացքներն, գործունեությունն ու երկասիրությունը
Իր արգասաբեր գործունեության ընթացքում Ջաբբար Բաղչեբանը անգնահատելի դերակատարություն ունեցավ մանկավարժության բարեփոխման գործում։ Հատկանշական է, որ «Ձնեմարդը» կոչվող մանկական ժողովածուն, որը պարսկերենով գրված առաջին մանկական գիրքն էր, նրա գրչին է պատկանում։
Իրանի կրթական համակարգի նկատմամբ քննադատական մոտեցումներ ունենալով՝ նա համոզված էր, որ այն կարիք ունի նոր մեթոդների գործարկման։ Նրա կարծիքով ընդհանուր կրթական ցենզի ցածր մակարդակի պատճառներից մեկը նախադպրոցական մանկավարժության թերություններն էին, և պատշաճ կրթության համար անհրաժեշտ է առաջնորդվել դերային խաղերի, երգերի ու ոտանավորների, ինչպես նաև պատմվածքներ պատմելու մեթոդաբանությամբ։
Բաղչեբան կեղծանունը, որը պարսկերենում «այգեգործ» է նշանակում, պատահական չէ։ Տեղափոխվելով Թավրիզ՝ Ջաբբար Բաղչեբանը 4 տարի անց հիմնադրում է Իրանում առաջին մանկապարտեզը, որը կոչվում էր “Bāɣče-ye Atfāl”, թրգմ․՝ «երեխաների այգի»։ Այստեղ լծվում է խուլ ու համր երեխաների դաստիարակությամբ։ Ինքը հաճախ էր ասում, որ եթե կրտսեր դպրոցի ուսուցիչը կարող էր պարզապես «ուսուցիչ» կոչվել, ապա մանկապարտեզի ուսուցիչը ծաղիկների այգեպան է։ Այսպիսով նա իր Ասղարզադե ազգանունը փոխարինեց Բաղչեբանով՝ հիրավի դառնալով «անխոս ծաղիկների» այգեպանը։
1933 թ․-ին հիմնադրել է Թեհրանում խուլերի առաջին դպրոցը, իսկ հաջորդ տարում՝ 1934 թ․-ին նրա կողմից նախագծվել և գրանցվել է խուլերի համար օժանդակ գործիք հանդիսացող սարքը։ Բաղչեբանը նաև պարսկերենի համար ազդանշանային լեզվի գյուտարարն է։ 1935 թ․-ին Մշակույթի նախարարության կողմից հրատարակվեց այբբենական ուսուցման ձեռնարկը՝ այսօր հայտնի «Բաղչեբանի մեթոդ» անվամբ։
1944 թ․-ին նրա օրոք լույս տեսավ “Zabān” կոչվող պարբերականը, որը շարունակեց հրատարակվել մինչև 1947 թ․-ը։ Մի քանի տարի անց հիմնադրվեց «Խուլ ու համրերի կենտրոնը» և 1955 թ․-ին Բաղչեբանը Մշակույթի նախարարության հետ համագործակցության շրջանակներում հանդես եկավ խուլերի ուսուցմանը նվիրված դասընթացով։ Նրա կարևորագույն գործերից է 1964 թ․-ին լույս տեսած «Խուլերի դասավանդման մեթոդաբանությունը»։
«Անխոս ծաղիկների ուսուցիչը» մահացել է 1966 թ․-ին 81 տարեկան հասակում և նրա անունը միշտ կմնա իրանցի մանուկների սրտում՝ հատկապես նրանց, ովքեր նրա նախաձեռնությունների շնորհիվ հաղորդակցման նախադեպը չունեցող հնարավորություններ են ձեռք բերել։
Անվանում | Ջաբբար Բաղչեբանը՝ Իրանցի խուլ ու համր մանուկների բարի ուսուցիչը |
Երկիր | Իրան |
Մականուն | Պարտեզպան |
19-րդ դ․ | |
Աշխատանքներ | زندگی کودکان،گرگ و چوپان، پیر و ترب، خانم خزوک، نمایشنامه خرخر |