
Շեյխ Բահայիի կյանքն ու ստեղծագործությունը
«Թումար» գիրքը (թարգմանաբար՝ «թղթագալար»), Զայանդերուդ գետի ջրաբաշխմանը վերաբերող վերջին տրակտատն է, որը հեղինակել է Բահաուդդին Մուհամմադ բին Հուսեյն բին Աբդուսսամադ Ամիլին՝ հայտնի որպես Շեյխ Բահայի։
«Թումարը» Զայանդերուդի ջուրը բաժանում է 33 հիմնական և 275 ավելի փոքր բաժինների, որպեսզի ջուրը արդար սկզբունքով հոսի յուրաքանչյուր շրջանի ջրանցքներով՝ ծառայելով գյուղերի ու դաշտերի ոռոգմանը։
Ո՞վ է Շեյխ Բահային
Շեյխ Բահային՝ իսլամական աշխարհի մեծ գիտնականը, ծնվել է 1546 թ. Լիբանանի Բաալբեք քաղաքում։ Տասը տարեկանում, հոր՝ Ազզեդդին Հուսեյն Ամիլիի հետ տեղափոխվեց Իրան՝ նախնիների հայրենիքը։ Ընտանիքը բնակություն հաստատեց Ղազվին քաղաքում, որը շիա գիտնականների խոշորագույն կենտրոններից մեկն էր։ Շահ Թահմասբ Առաջինի հրավերով Շեյխ Բահային և հայրը ժամանեցին Իրան։ Նրա իմաստությունը և խոր գիտելիքները գրավեցին բոլորի ուշադրությունը, և նա աշակերտեց մի շարք նշանավոր ուսուցիչների մոտ, որոնց թվում էին՝ Ազզեդդին Հուսեյն Ամիլի, Աբդուլլահ բին Շեհաբեդդին Հուսեյն Յազդի, Մոլլա Աֆզալ Ղայինին և այլք։
Շեյխ Բահային իր ժամանակի բոլոր գիտություններում մեծ հեղինակություն էր վայելում։ Շահ Աբբասի թագավորության ժամանակ, երբ մայրաքաղաքը Ղազվինից Սպահան տեղափոխվեց, Շեյխ Բահային թագավորական արքունիքում մեծ պատվի արժանացավ՝ փիլիսոփայության, տրամաբանության, մաթեմատիկայի և աստղագիտության մեջ ունեցած գիտելիքների շնորհիվ։ Հոր մահից հետո Շեյխ Բահային ստանձնեց Սպահանի Շեյխ ալ-Իսլամի («իսլամի շեյխ») պաշտոնը։ Այսպիսով, Սպահանում, կրոնական հարցերը վստահվեցին նրան։ Ճարտարապետության և ճշգրիտ գիտություններում ունեցած հմտությունները Շեյխ Բահայիին հնարավորություն տվեցին իրականացնել նաև հետևյալ խոշոր նախագծերը․
- Սպահանի Իմամ մզկիթի ճարտարապետական նախագծումը
- Նաջաֆ քաղաքի պարսպի նախագծումը
- Արևային ժամացույցի տեղադրումը մզկիթի արևմտյան մասում
- Զայանդերուդ գետի ջրաբաշխման իրականացման պլանի կազմումը
- Իմամ մզկիթի Կիբլայի (աղոթքի ուղղության) ճշգրտումը՝ 40 աստիճան շեղումով հարավից
Շեյխ Բահային գրել է ավելի քան 95 գիրք և աշխատություն՝ ինչպես արձակ, այնպես էլ չափածո։ Դրանցից ամենահայտնին «Քեշքուլ» ժողովածուն է։ Նա նաև տաղանդավոր բանաստեղծ էր։ Նրա՝ պարսկերեն բանաստեղծական ժողովածուն ներառում է մասնավի, գազել և ռոբայի (քառյակ) ժանրի ստեղծագործություններ։ Շեյխ Բահայիի պոեզիան համեմված է միստիկական և սուֆիական գաղափարներով։ Նա մեծամասամբ հետևում էր ինչպես Իրաքի Ֆախրեդդինի, այնպես էլ Հաֆեզի ոճին։
Շեյխ Բահային դասախոսել է բազմաթիվ մարդկանց, որոնց շարքում են գտնվում այնպիսի հայտնի անձինք, ինչպիսիք են Մոլա Սադրան, Ալլամե Մաջլեսին, Սեյեդ Միրզա Ռաֆիեդդինը, Մուհամմադ Նաինին և ուրիշներ։
Գեղարվեստական ստեղծագործությունները
Շեյխ Բահային բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակ է։ Դրանց մեծ մասը սուֆիական թեմատիկայով գրված գործեր են՝ ժողովված նրա «Քաշքուլ» գրքում (քաշքուլէ կոչվում դերվիշի գավաթը): Պարսկերեն բանաստեղծությունների ժողովածուն առաջին անգամ տպագիր տեսքով լույս է տեսել 1937թ․ Սաիդ Նեֆիսիի աշխատասիրությամբ, իսկ արաբերենով գրված բանաստեղծությունները հավաքել է Շեյխ Մուհամմադ Ռեզան։
Շեյխ Բահային հեղինակել է նաև մի շարք արձակ գործեր, որոնցից, թերևս, ամենահայտնին այլաբանական պատումների ժողովածու «Իմաստունների համար խորհուրդներ կատվի ու մկան լեզվով» գիրքն է։
Մեծն փիլիսոփա և խորագետ Շեյխ Բահային՝ մահացել է 1622թ. Սպահան քաղաքում։ Նրա աճյունը հանգչում է Իմամ Ռեզայի դամբարանի մոտ։
Ապրիլի 23-ը՝ զուգադեպ իրանական օրդիբեհեշթ ամսվա 3-ին, Իրանում նշվում է Շեյխ Բահայի մեծարման օրը։
Անվանում | Շեյխ Բահայիի կյանքն ու ստեղծագործությունը |
Երկիր | Իրան |
Մականուն | Շեյխ Բահայի |
16-17րդ․ դդ․ | |
Yard period | the past |





