Միջնադարյան խորագետ իբն Միսքավայհը
Աբու Ալի Ահմադ իբն Մուհամմադ իբն Յաʿկուբ իբն Միսքավայհ Ռազին ծնվել է 932 թ․ Ռեյ քաղաքում։ Իր կյանքի տարիները անց է կացրել ծննդավայր Ռեյում, իսկ այնուհետև Բաղդադ, Շիրազ և Սպահան քաղաքներում։ Նրա կյանքի առաջին երկու տասնամյակի մասին հստակ տեղեկություններ չկան։
Աբու Ալի Միսքավայհի կենսագրությունը
Միսքավայհը կյանքի երրորդ տասնամյակ է թևակոխում Բաղդադ ուղևորվելով։ Այստեղ ծառայության է մտնում Բուվեյհիների պալատ՝ դառնալով ամիր Մուիզզ ալ-Դավլայի նախարարապետ Աբու Մուհամմադ ալ-Մուհալլաբի խորհրդական-ծառան։ Այս պաշտոնը 12 տարի զբաղեցնելուց հետո 7 տարի ծառայում է նաև Ռուքն ալ-Դավլային՝ լինելով նրա գրադարանապետը Ռեյ քաղաքում։
Իբն Ամիդի սպանությունից հետո նրա մեծածավալ գրադարանն ապահով է մնում թալանից ու ավերումից, սակայն նա հրաժարվում է համագործակցել Սահիբ իբն Աբբադի հետ։ Այնուհետև Միսքավայհը մեկնում է Շիրազ և ծառայության է անցնում Ազդ ադ-Դաուլա Դեյլեմիի մոտ։
Իբն Մեսքավայհը եղել է Ավիցեննայի ժամանակակիցը և նամակագրական կապ է պահել Աբու Հայան Թավհիդի և Բադի’ Ալ-Զաման Համադանիի հետ։ Նա իր ժամանակաշրջանի մշակութային կյանքի կարևոր դեմքերից էր և ունեցել է խորը գիտելիքներ պատմության, աստվածաբանության, փիլիսոփայության և բժշկության ոլորտներում։ Նա նաև մեծ հետաքրքրություն էր դրսևորում ալքիմիայի և առեղծվածային գիտությունների նկատմամբ։ Նրա կրոնական հայացքները մեծամասամբ փիլիսոփայական և մտահայեցողական բնույթ էին կրում՝ այս առումով նմանվելով Ֆարաբիի, ինչպես նաև «Մաքրության եղբայրներ» անվամբ հայտնի գաղտնի միության գաղափարներին։
Միսքավայհի ստեղծագործությունը
Աբու Ալի իբն Միսքավայհի ուսումնասիրության շրջանակը ներառում էր փիլիսոփայության ինչպես տեսական, այնպես էլ գործնական հայեցակետերը, մասնավորապես՝ բարոյագիտության ոլորտում։ Նրա բազմաթիվ և բովանդակային առումով խորը աշխատանքները պատճառ են հանդիսացել, որ որոշ հեղինակներ նրան «երրորդ ուսուցիչ» անվանեն (Արիստոտելից և Ֆարաբիից հետո)։ Միսքավայհը նաև համարվում է գիտական պատմագրության ռահվիրաներից մեկը։ Նրա «Հավերժական իմաստություն» (պարսկ․Jāvīdān xrād)աշխատությունը՝ հայտնի նաև որպես «Արաբների և պարսիկների վարքաբանություն» (արաբ․ādāb ul-‘arab wa l-furs) խրատների և խորհուրդների հարուստ մի ժողովածու է, որտեղ հեղինակը հավաքել է ամենատարբեր ժողովուրդների բարոյախրատական մտքերը։ Կրելով հին հունական փիլիսոփաների՝ գլխավորապես Արիստոտելի և Պլատոնի ազդեցությունը, Միսքավայհը հեղինակել է մի շարք արժեքավոր փիլիսոփայական աշխատանքներ, որոնցից առանձնանում է հատկապես «Բարոյականության մաքրագործում» (արաբ․tahδīb al-axlāq) գործը, որտեղ հեղինակը առանձնացնում է հոգու երեք հիմնական շարժիչ ուժ՝ բանական, բնազդային և գազանական, որոնց մեջ բյուրեղացված են իմաստնության, խիզախության և զսպվածության առաքինությունները։ Չորրորդ առաքինությունը, ըստ Միսքավայհի, ծագում է այս երեքի միջև հավասարակշռության արդյունքում։
Միսքավայհը մեծապես կրել է նաև Պլատոնի քաղաքական հայացքների ազդեցությունը․ նրա «Ազգերի փորձառության մատյան» (արաբ․ tajārib al-‘umām) բազմահատորյակը պարունակում է Պլատոնի տեսություններն ու գաղափարները՝ դրանց համապարփակ քննարկմամբ։
Իբն Միսքավայհը մահացել է մ․թ․ մոտ 1029թ․։ «Ռաուզաթ ալ-Ղուֆա» գրքի համաձայն՝ նրա գերեզմանը գտնվում է Սպահանի Խաջու թաղամասում՝ Իմամզադե Բաղերիի դիմաց գտնվող այգում, որը վերացել է ժամանակի ընթացքում։
| Անվանում | Միջնադարյան խորագետ իբն Միսքավայհը |
| Երկիր | Իրան |
| Մականուն | երրորդ ուսուցիչ |
| 10-11-րդ դ․ | |
| Աշխատանքներ | «تجاربالامم»، «تهذیب الاخلاق»، «جاویدان خرد»، «حقائق النفوس»، «ترتیب السعادات و منازل العلوم»، «الفوز الاصغر» |
| Yard period | the past |

