Չոգանը կամ պոլոն՝ որպես իրանական ավանդական մարզաձև
Ներածություն
Չոգանը կամ պոլոն երաժշտությամբ և պատմողական ներկայացումներով ուղեկցվող ձիավարական թիմային խաղ է։ Իրանում այն ունի առավել քան 2000 տարվա պատմություն և հիմնականում տարածված է եղել արքունիքում ու քաղաքային հրապարակներում։ Հայտնի է, որ չոգանը սիրված մարզաձև էր նաև ազնվական կանանց շրջանում։
Բառը հանգում է միջին պարսկերենčōp(a)kān ՝ հիմքում ունենալովčōp ՝ պարսկերեն čūb «փայտ» բառը։ Հայերենում բառը փոխառվել էճոկան ձևով և նշանակում է «ցուպ»։
Խաղի սկզբունքը հետևյալն է․ խաղի ընթացքում իրար դեմ են մրցում երկու հեծյալ թիմ, և խաղացողների նպատակը փայտե ձողերով գնդակը հակառակորդի դարպասի միջով անցկացնելն է։ Խաղափուլը բաժանվում է երեք հատվածի՝ բուն խաղը, երաժշտական կատարումը և պատմությունը ներկայացնող հատվածը։ Այսպիսով, չոգանի մշակույթի կրողներն են ոչ միայն մարզիկները, այլ նաև պատմողներն ու երաժիշտները։
Չոգանը պահպանվել և դարեր շարունակ սերնդեսերունդ է փոխանցվել ավանդույթի ուժով, և մինչ օրս այս խաղի հմտությունները փոխանցվում են տեղական վարպետների կողմից։ Այսուամենայնիվ, վերջին տասնամյակների ընթացքում այն առավել համակարգված ձևով է զարգանում․ ստեղծվել են չոգանի ասոցիացիաներ, միություններ և խմբակներ, կազմակերպվում են հատուկ դասընթացներ, մշակվում են տեղական վարպետների աջակացություն ծրագրեր։
Չոգան/պոլո խաղի արքունական արմատները․ ճանապարհորդություն ժամանակների և կայսրությունների միջով
Կարակորում անապատի և Հինդուկուշ լեռնաշղթայի միջև՝ Չինաստանը Արևմուտքին կապող լեգենդար Մետաքսի ճանապարհի մերձակայքում է տեղակայված Գիլգիթի պոլոյի դաշտը։ Այստեղ անցորդի աչքից անթաքուն մի վայրում քարե սալիկ է վեր խոյանում, որտեղ գրված են հետևյալ տողերը․
«Թե մյուսները իրենց խաղը խաղան. խաղերի թագավորը միշտ կմնա թագավորների խաղը»։
Այս չափածոն մշտապես եղել է պոլոյի սիրահարների ներշնչանքի աղբյուրը։ Իսկ ո՞վ է խաղերի թագավորը․ ո՞ր խաղի մասին է բարբառում արձանագրությունը։
Պոլոն արդարացիորեն համարվում է աշխարհի ամենաբարդ մարզաձևերից մեկը։ Չնայած ժամանակի փոշու մեջ է թաղված այն ակնթարթը, երբ ձողը հանդիպեց գնդակին, կարելի է ենթադրել, որ դա տեղի է ունեցել ժամանակակից իրանցիների նախնիների կողմից ձիու ընտելացման հետ համաժամանակ դեռևս Կենտրոնական Ասիայի տափաստաններում։ Հետզհետե, երբ զարգացավ թեթև հեծելազորը, այս ձիավարական խաղը նույնպես սկսեց տարածվել։ Պատմաբանների մեծամասնությունը հակված է կարծել, որ խաղը առաջացել է դեռևս Դարեհ Մեծից առաջ (521-485թթ․)։ Հետագայում՝ արդեն իսկ Դարեհի ժամանակ, ինչպես հայտնի է, նրա հրամանով վարժեցված հեծյալները դարձան Աքեմենյան տերության հեծելազորի միջուկը։
Որոշ հետազոտողներ կարծում են, որ պոլոն առաջացել է չինացիների և մոնղոլների օրոք, սակայն այս խաղին վերաբերող ամենավաղ և մանրամասն տեղեկությունները պահպանվում են պարսից գրականության մեջ և կերպարվեստում։
Գլխավոր աղբյուրներից մեկը Շահնամեն է՝ Ֆիրդուսու անմահ գոհարը, որտեղ հմուտ բանաստեղծը պատկերում է պոլոյի բազմաթիվ տեսարաններ։ Այս տեսարաններից մեկը առասպելական Թուրանի զորքերի և Սիավաշի հետևորդների միջև մրցախաղն է։ Ֆիրդուսին յուր շքեղ դասական պարսկերենով նկարագրում է Սիավաշի հմտությունները խաղադաշտում։ Նա նաև պատմում է սասանյան տիրական Շապուհ Բ-ի մասին, ով մեծն բանաստեղծի համաձայն սկսել էր պոլո խաղալ յոթ տարեկան հասակում։
Տասներորդ դարի հայտնի պատմագիր Դինվարիի մատյանը բացահայտում է պոլոյի կանոնները և նորմերը. նա խորհուրդ է տալիս ֆիզիկական մարզանքով զբաղվել՝ կոչ անելով լինել զուսպ և հետևել սեփական վարքագծին խաղի ընթացքում։ Հեղինակը ընդգծում է, որ ջարդված փայտը/ձողը վկայում է տիրոջ հմտության պակասի մասին։ Ասվածից պարզ է դառնում, որ գոյություն է ունեցել որոշակի սովորությունների և կանոնների համախումբ՝ բարոյական կոդեքս, որին հետևում էին բոլոր պոլո խաղացողները։
Նույն ժամանակաշրջանում դեյլամական տիրակալ Ղաբուսը, ով կառուցել էԳոնբադ-է Ղաբուսաշտարակ-հուշարձանը, փաստագրել է պոլոյի մի շարք կանոններ՝ նշելով մարզաձևի ռիսկերը և դրան ներհատուկ վտանգները։
Գեղարվեստական տեսանկյունից պոլոյի մասին թերևս ամենատպավորիչ հիշատակումը գտնում ենք Օմար Խայամի քառյակներում, որտեղ խաղը վերածվում է խորը փիլիսոփայական այլաբանության և կյանքը համեմատվում է չոգանի դաշտում դես ու դեն նետվող գնդակի՝
ای رفته به چوگان قضا همچون گو
چپ می رو و راست می رو و هیچ نگو
کان کس که ترا فکند اندر تک و پو
او داند و او داند و او داند و او
Օ՜, դու մի գունդ՝ նետված խաղին չոգանի
Ձախ ես գնում, աջ ես թեքվում առանց ձայնի,
Ով նետեց քեզ այս վազքի մեջ փութանակի
Միայն նա է հաղորդ գաղտնիքներին ամենքի
Պարսկական ձեռագրերում պահպանված բանաստեղծական այս պատառիկները հաճախ ուղեկցվում են շքեղ մանրանկարներով, որոնցում պատկերված են խաղին մասնակցող ազնվազարմ հեծյալներ (տես պատկերաշարում)։
Իր հերթին 12-րդ դարի պարսիկ բանաստեղծ Նիզամի Գյանջավին իր ստեղծագործություններում ձիարշավի խաղը տեղափոխել է սիրավեպի հարթություն։ Հատկապես աչքի է ընկնում Սասանյան արքայազն Խոսրով II Փարվիզի և Շիրինի պատմությունը, որտեղ բանաստեղծը նկարագրում է, թե ինչպես է Շիրինը, ինքնին հմուտ ձիավար լինելով, խաղում պալատական տիկնանց հետ։
Շուտով չոգանի հռչակը և գրավչությունը հատում են Իրանի սահմանները։ Թեև խաչակիրները այն չտեղափոխեցին Եվրոպա, որի պատճառը հավանաբար ծանր հեծելազորին ապավինելն էր, այնուամենայնիվ խաղը արդեն իսկ հասել էր Բյուզանդական կայսրություն։ 12-րդ դարի կայսր Մանուիլ Ա Կոմնենոսը հայտնի էր որպես չոգանի կրքոտ սիրահար, իսկ նրա հաջորդ Հովհաննես Չմշկիկը պատմական աղբյուրների համաձայն ծանր վնասվածքներ էր ստացել խաղի ժամանակ։
Արաբական նվաճումներից հետո չոգանը տարածվեց Եգիպտոսում և հնդկական աշխարհամասում՝ դառնալով իսլամական արքունիքներում բարձր խավի ներկայացուցիչների «պարապ վախտի խաղալիքը»։ Հայտնի է, որ Հարուն ալ-Ռաշիդը աբբասյան առաջին խալիֆն էր, ով չոգանով էր տարված։ Խաղն այնքան խորը արմատներ ձգեց իսլամական մշակույթի մեջ, որ չոգանի գավազանը դարձավ զինանշանների անբաժան մասը, իսկ «Ջուքանդարի»՝ չոգանի վարպետի պաշտոնը սկսեց մեծ հեղինակություն վայելել խալիֆայական շքախմբում։
Հարավային Ասիայում չոգանը սիրված էր ինչպես տեղական կառավարիչների, այնպես էլ իսլամադավան սուլթանների շրջանում։ Լահորի Անարքալի շուկայի մերձակայքում գտնվում է մի հուշարձան, որը կանգնեցվել է ի հիշատակ Սուլթան Քութբուդդին Այբաքի մահվան։ Այս 13-րդ դարի միապետը մահացել է չոգանի խաղի ժամանակ՝ ձիուց ընկնելու հետևանքով։
Չինաստանում ևս չոգանը արքունի շրջանում վերածվեց հանգիստը անցկացնելու զբաղմունքի։ Չոգանի գավազանը պատկերվում էր կայսերական խորհրդանշանների վրա, և խաղն առատորեն ծաղկեց Մին դինաստիայի մշակութային վերելքի ժամանակաշրջանում՝ «Փայլուն Կայսր» Մին Հունգի օրոք, ով փայլուն հեծյալ էր և խաղի նվիրյալ սիրահար։ Սակայն բոլոր տիրակալները չէ, որ համակրում էին այս խաղը։ Մի հայտնի պատմության համաձայն կայսր Թայ Ցզուն 910 թ․ հրամայել էր մահապատժի ենթարկել բոլոր չոգան խաղացողներին այն բանից հետո, երբ խաղի ժամանակ մահացել էր նրա սիրելիներից մեկը։
Պատմաբանների կարծիքով՝ չոգանը Չինաստան է հասել կա՛մ արաբական նվաճումներից հետո այստեղ տեղափոխված իրանցիների միջոցով կա՛մ էլ հնդկական միջնորդությամբ։ Հետագայում չոգանը Չինաստանով ներթափանցեց նաև Ճապոնիա։
Անհայտ է՝ արդյոք Չինգիզ խանը (1162–1227թթ․) նվաճումներից առաաջ ծանոթ էր չոգանին։ Սակայն մոնղոլական արշավանքների արդյունքում խոշոր տարածքային նվաճումները հանգեցրին մոնղոլների շրջանում այս խաղի տարածմանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոնղոլական զորքի հիմնառանցքը թեթև հեծելազորն էր։
Լեգենդներից մեկի համաձայն Լենկ Թեմուրը (1336–1405թթ․), ով Չինգիզ խանի ժառանգներից էր, մի անգամ հրամայել է իր զորքերին խաղալ չոգան՝ օգտագործելով գերիների գլուխները, իսկ նրա ծոռը՝ Բաբուրը, ով 16-րդ դ․ Հնդկաստանում հիմնեց Մուղալների կայսրությունը, չոգանը ներկայացրեց որպես գլխավոր արքունի մարզաձև։ Չոգանի հանդեպ իր սիրով հատկապես Մուղալական տիրակալներից աչքի էր ընկնում Աքբարը (1556-1605թթ․), ով չոգան էր խաղում նույնիսկ գիշերները՝ ջահերի լույսի ներքո։
Այս ամենով հանդերձ, խաղին նվիրված խոշորագույն և ամենափառավոր հուշարձանը Սպահանի Նաղշ-է Ջահան (պատմական անվանումը՝ Meydān-e Shāh՝ «շահի հրապարակ») հրապարակն է (560 մետր երկարությամբ և 160 մետր լայնությամբ), որը մինչև Թիանանմենի հրապարակի կառուցումը, եղել է աշխարհի ամենամեծ հրապարակը։
Չոգանի դաշտի հարավում գտնվում է Մասջեդ-է Շահ մզկիթը (թարգմանաբար՝ «շահական մզկիթ»), որը յուր նրբակերտ սալիկներով, գմբեթներով և մինարեթներով իսլամական ճարտարապետության գլուխգործոցներից մեկն է համարվում։ Դաշտի հյուսիսային կողմում կանգնած է Ղեյսարիյե դարպասը, որը բացվում է դեպի աշխույժ ու մարդաշատ շուկան։ Հրապարակի սրտում Շահ Աբբասը կառուցել էր վեցհարկանի Ալի Ղափու պալատը, որն ուներ շքեղ թագավորական պատշգամբ՝ նախատեսված չոգան դիտելու համար։ Պատշգամբից, որը հենված էր 18 փայտե սյուների վրա, բացվում էր հրաշալի տեսարան դեպի չոգանի դաշտը։
Թեև այսօր դաշտը փոխարինվել է գեղատեսիլ այգիներով և լճակներով, սկզբնական քարե դարպասները, մզկիթը, պալատը և շուկան մինչ օրս պահպանվել են՝ որպես Սպահանի փառավոր պատմական անցյալի վկաներ։ Այսօր Սպահանի շուկայում այցելուները կարող են գտնել բազմաթիվ արվեստի գործեր և հուշանվերներ, որոնք պատկերում են պարսկական մանրանկարչությամբ ներշնչված չոգանի տեսարաններ։
Համաշխարհային գրանցում
Չոգանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2015թ․ Իրանի անվան տակ։
| Անվանում | Չոգանը կամ պոլոն՝ որպես իրանական ավանդական մարզաձև |
| Երկիր | Իրան |
| Ազգային | |
| Registration | Unesco |







