
Բիլգարդանի ծեսը․ բահերով խաղը որպես Նիմվար քաղաքի հնագույն ավանդույթ
Հնագույն սովորույթները իրենց անջնջելի հետքն են թողնում հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվող ժողովուրդների նիստուկացում։ Չնայած ժամանակակից աշխարհում մոդեռնի գերիշխանությունը հանգեցնում է հնագույն այս ավանդույթների ու սովորույթների «լուսանցքայնացմանը», այնուամենայնիվ դրանցից որոշները առանձին կղզյակների տեսքով դեռևս պահպանում են յուր գոյությունը՝ երևան հանելով մարդու և բնության միջև անխզելի կապը։ Նմանատիպ կղզյակների հարուստ գանձարան է նաև Իրանը, որտեղ ավանդույթների «հիմնական հոսքին» զուգահեռ գոյություն ունեն այնպիսի արտասովոր (ենթա)տարբերակներ, որոնց վաղեմիության հարցում նույնիսկ համատարած անորոշություն է տիրում։
Ահա այսպիսի սովորույթներից է Bīlgardānī-ն՝ այսպես ասած «բահը ճոճելու» արարողությունը, որի բնօրրանը Իրանի կենտրոնական նահանգի Նիմվար քաղաքն է։
Նիմվարի աշխարհագրությունը և «բահաճոճության» հակիրճ պատմությունը
Նիմվարը (նաև՝ Նիմեվար) բնակավայր է ԻԻՀ Կենտրոնական նահանգի Մահալլաթ շրջանում, որը մայրաքաղաք Թեհրանից շուրջ 250 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Քաղաքը շրջապատված է լեռներով․ հյուսիսում վեր է խոյանում Քամար լեռը, իսկ հարավային սահմանները մոտենում են Աթաշքուհ և Զարդղոլե լեռնաշղթաներին։
Հնագիտական և պատմագիտական հետազոտությունները վկայում են, որ Նիմվարի մերծակա շրջանում մարդը բնակություն է հաստատել առնվազն մ.թ.ա. 24-րդ․ դ․-ից սկսած։ Սասանյան հարստության տիրապետության ժամանակաշրջանում Ղոմռուդ գետի վրա կառուցվել է ամբարտակ, և այդ ջրային կառույցից 18 կիլոմետր երկարությամբ ջրանցք է անցկացվել՝ Նիմվարի ոռոգումը ապահովելու նպատակով։ Այս նախաձեռնությունը նպաստել է բնակավայրի տնտեսական զարգացմանը և տարածքային նշանակության աճին։ Ենթադրվում է, որ հենց այս ժամանակաշրջանից էլ սկիզբ է առել Բահ ճոճելու արարողությունը՝ որպես ջրային աշխատանքներին ուղեկցող ավանդական ծիսակարգ։
Բիլգարդանին ժողովրդական ծես է, որն անցկացվում է ամեն տարի ապրիլի վերջերին՝ Անարբար (նույն ինքը՝ Ղոմռուդ) գետի մաքրման աշխատանքների ավարտին։ Բուն արարողակարգում բավական ընդգծված են հնագույն ծիսական տարրերը։ Բահերի պտտումը օդում ոճական նմանություն ունի զուրխանեի ավանդական վարժություններին՝ մասնավորապես Kabbāde-Kešī-ի (Քաբբադեն աղեղնաձև ծանր մարզագործիք է) և միլի շարժումներին։ Ըստ ամենայնի, բիլգարդանին կրում է հինիրանական կրոնական հավատալիքների ազդեցությունը։ Որոշ մասնագետների կարծիքով, այն կարող է լինել ջրի դիցուհի Անահիտային նվիրված երկրպագության ծեսի հետագիծ՝ զրադաշտական / նախաիսլամական համավատալիքների մնացուկ։ Այսպիսով, բիլգարդանին ոչ միայն հողագործական և / կամ ֆիզիկական (մարզական) բնույթի տոն է, այլև մասամբ կրում է նաև պաշտամունքային բնույթ՝ խորհրդանշելով ջրի և պտղաբերության երկրպագությունը։
Բիլգարդանի ծեսը
Բիլգարդանիի ավանդական արարողության նախապատրաստական աշխատանքները սկսվում են դեռևս ձմռան վերջին օրերին կամ գարնան սկզբին (մոտավորապես մարտ ամսին)՝ գարնանային հողագործական աշխատանքներին համաժամանակ։ Մինչև բուն արարողության մեկնարկը, քաղաքի տարեց մարդիկ ժողովրդին հրավիրում են մասնակցելու Քամարուդ գետի պատմական ամբարտակից դուրս եկող ջրի հունի մաքրման աշխատանքներին։ Այս գործընթացը, որը տեղական բարբառով հայտնի է որպես վարգու, երբեմն կարող է տևել մինչև մեկ ամիս։ Երբ ջուրը վերջապես հասնում է խողովակին, գյուղացիները հավաքվում են Նիմվարի կենտրոնական հրապարակում, որտեղ արդեն իսկ սկսվում է բուն արարողությունը։ Գետի հունի մաքրմանը անմիջական մասնակցություն ունեցած տղամարդիկ, բահերը ուսերին դրած, հանդիսավոր քայլերով մուտք են գործում հրապարակ՝ ստեղծելով հանդիսավոր շքերթի մթնոլորտ։
Այնուհետև մի շարք մասնակիցներ ներս են մտնում հրապարակ և սկսում են պտտել միաժամանակ մի քանի իրար ամուր կապված բահեր։ Այս արարողությունը, որը հաճախ մրցույթի է վերածվում, պետք է կատարվի այնպես, որ բահերի երկու կապոցները հակառակ ուղղությամբ պտտվեն։ Հաշվի առնելով, որ նման կապոցներից յուրաքանչյուրը կարող է հասնել մինչև 30 կգ քաշի, դրանցով վարժություն կատարելը ո՛չ միայն ահռելի ֆիզիկական ուժ ու եռանդ է պահանջում, այլև մեծ հմտություն։ Մասնակիցը պարտվում է այն ժամանակ, երբ բահերը պտտելու ընթացքում կորցնում է հավասարակշռությունը, ինչի արդյունքում դրանք ընկնում են ձեռքից կամ իրար են բախվում։
Թեև ժամանակակից Իրանում շնորհիվ ջրային համակարգի արդիականացման գետի հունի մաքրումը այլևս անհրաժեշտություն չէ, բիլգարդանիի արարողությունը շարունակվում է անցկացվել ամեն տարի՝ ավանդական ժամանակացույցի համաձայն։ Վերջին տարիներին՝ միջոցառման կազմակերպչական մակարդակը բարձրացնելու նպատակով, արարողության ընթացքում կազմակերպվում են տեղական ուտեստներով և ապուրներով հյուրասիրություններ, ինչպես նաև հանդեսներ՝ ուղեկցվող ժողովրդական երաժշտության կատարմամբ։
Անվանում | Բիլգարդանի ծեսը․ բահերով խաղը որպես Նիմվար քաղաքի հնագույն ավանդույթ |
Երկիր | Իրան |
Նահանգ | կենտրոնական |
Քաղաք | Նիմվար |
Ազգային | |
Registration | Ազգային |





