Յալդայի գիշերը
Šab-e Yalda-ն՝ Յալդայի գիշերը, տարվա ամենաերկար գիշերն է կամ ձմեռային արևադարձը, որից հետո օրերը սկսում են երկարել: Հատկանշական է, որ հին իրանցիների հավաքական ընկալումներում այս տոնը խորհրդանշում էր լույսի հաղթանակը խավարի նկատմամբ։ Դարեր շարունակ իրանցիներն ու իրանական մշակույթի ազդեցության տակ գտնվող տարածաշրջանի այլ ժողովուրդները ուրախությամբ են նշել այս տոնը, որը իրանական Նոռուզից հետո երկրորդ ամենակարևոր իրադարձությունն է։
«Յալդա» անվանումն ինքնին ծագել է ասորերենից և նշանակում է «ծնունդ» (համարմատ է նոր պարսկերեն milād-ի հետ՝ արաբական W-L-D արմատից (օրինակ՝ «Սուրբ Ծնունդը» հայտնի է որպես عيد الْميلاد [ʕīd al-mīlād]): 502 թվականից սկսած, երբ այն մտավ պաշտոնական օրացույց, մինչև մեր օրերը, տոնը հայտնի էր նաև այլ անվանումներով։ 10-րդ/11-րդ դդ. իրանցի հայտնի գիտնական. Աբու Ռեյհան Ալ-Բիրունին այն անվանում է «mīlād-e Akbar»՝ վկայված նաև Ալ-Մասուդիի «Al-tanbih va al-ashraf»-ում։ Թեև այս տոնակատարության ավեստերեն և հին պարսկերեն անվանումները չեն պահպանվել, ընդունված է համարել, որ միջին պարսկերենում այն հայտնի է եղել որպես «Zāyišn»՝ բռց․ «ծնունդ»:
Իրանում Շաբ է Յալդան նշում են հետևյալ կերպ։ Ընտանիքի անդամները հավաքվում են մեկ տանիքի տակ՝ որպես կանոն ամենատարեց հարազատի տանը։ Տարբեր շրջաններում Յալդայի սեղանը կարող է տարբեր լինել, սակայն ամեն տեղ պարտադիր է երեք գրքի առկայությունը՝ Սուրբ Ղուրանը, Շահնամեի հատորը և Հաֆեզի դիվանը։ Բացի նշվածից Յալդայի սեղանի վրա պետք է լինեն կարմիր գույնի մրգեր և բանջարեղեն, ինպես օրինակ նուռը, ձմերուկը և խուրման։ Կարմիր գույնը այս դեպքում խորհրդանշում է արևի ուժը և այս մրգերից համտեսելով՝ մարդը հաղորդակից է լինում արևին։
Անվանում | Յալդայի գիշերը |
Երկիր | Իրան |