Շահնամեասացության արվեստը՝ որպես մարդու ինքնակատարելագործման գործիք
Թերևս անհնարին է ճշգրտորեն ասել, թե երբ է սկզբնավորվել «Շահնամեն» ընթերցելու ավանդույթը (պարսկ․šāhnāma-xvānī), սակայն անկասկած է, որ այն հին արմատներ ունի։ Ինչպես նշված է հենց Շահնամեում, այս փառավոր գործը ավարտին է հասցվել 1010 թ․ մարտի 8-ին։ Այդ ժամանակ Իրանը օտար լծի տակ էր գտնվում, և իրանցիների համար խիստ ծանր պատմական օրեր էին։ Բանաստեղծները օրվա հացը վաստակելու համար հիմնականում զբաղվում էին թագավորների և նրանց գործոց գովերգությամբ (որպես օրինակ, պատմական աղբյուրների համաձայն Մահմուդ Ղազնավիի արքունիքում շուրջ 400 բանաստեղծ էր քերթողությամբ զբաղվում)։ Սակայն Ֆիրդուսին, լինելով յուր դարաշրջանի մեծագույն բանաստեղծը, դեմ գնաց այս բարքերին, քանի որ նրա մտահոգությունը Իրանի արժանապատվությունն ու պարսկերենի գոյատևումն էին։ Նա գիտակցում էր, որ թյուրքական ներխուժումների ժամանակ անհրաժեշտ է փրկել պարսկերենը, այլապես այն վերանալու վտանգի տակ կհայտնվի։ Այսպիսով, բանաստեղծը իր անմահ մատյանում հպարտությամբ պատմում է կատարված աշխատանքի մասին, և ինչպես ինքն էր ճշմարտաբար կանխատեսել, իր գործը անմահ մնաց՝ վերածվելով Իրանի գլխավոր գրական հենասյունը։
Շահնամեն մի հսկայական պատմական իրողություն է, որի շուրջ ձևավորվել են բազմաթիվ ավանդույթներ․ և ահա այս ավանդույթներից մեկին՝ շահնամեի ընթերցմանն է նվիրված այս նյութը։
Շահնամե ընթերցելու արվեստը
Շահնամեխանին կամ «շահնամեասացությունը» էպոսի բանաստեղծական պատառիկները հատուկ առոգանությամբ ընթերցելու արվեստն է։ Հնագույն ժամանակներից ի վեր «Շահնամե» ընթերցողներն առանձնահատուկ տեղ էին գրավում իրանական հասարակությունում։ Նրանք պարբերաբար հրավիրվում էին ազնվականների ու մեծատոհմիկների հավաքներին՝ նրանց ներկայությամբ պատմելու շահնամեական դրվագները։ Տարածված հավատալիքների համաձայն՝ Շահնամեի ընթերցանությունը բարելավում է մարդու բարոյական հոգեկերտվածքը՝ նպաստելով մարդասիրության, ազնվության և այլ առաքինությունների դաստիարակմանը։
Շահնամեն կարող է հիրավի Իրանի «մշակութային սահմանադրությունը» համարվել։ Այն ուսուցանում է հայրենասիրություն և բարոյականություն՝ պատմական շարունակականության միջոցով ներկա սերնդին փոխանցելով անցյալի փորձը։ Այսպիսով՝ այն դառնում է ճշմարտախոսության և արդար վարքի դպրոց։ Ֆիրդուսու խոսքը միայն քաջության ու պատերազմների մասին չէ․ այն անդրադառնում է նաև ժամանակի և տարածության մեջ մարդու հոգեվիճակի վայրիվերումներին։
Շահնամեն 60000 բեյթ ծավալում պահպանում է հստակ տաղաչափական կայունություն՝ հետևելով պարսկաարաբական տաղաչափության՝ արուզի կաղապարներին։ Ֆիրդուսին իր ստեղծագործության համար այնպիսի չափ է ընտրել, որն առավել հարմար է դյուցազներգություն գրելու համար․ նրա չափը հատուկ հերոսական երանգ է հաղորդում պատումին՝ միաժամանակ ընդգրկելով նաև տխուր և մելամաղձոտ դրվագներ։ Այսպիսով, շահնամեասացը ձայնի ինտոնացիայի, բարձրության և արագության փոփոխության միջոցով կարողանում է հանդիսատեսին փոխանցել պատումի հուզական ամբողջությունը։
Շահնամեասացի ողջ հմտությունը հենց այս ունակություններից է կախված։ Տեքստին լավ ծանոթ լինելուց բացի՝ նա պետք է տիրապետի նաև հնչյունական նրբություններին, ինչպես նաև ունենա խորը պատկերացում պատմական այն ժամանակաշրջանի վերաբերյալ, երբ ստեղծվել է այս անմահ գործը։
Շահնամեի ընթերցումը և պատմողական արվեստը
Շահնամեասացը որոշակիորեն տարբերվում է պատմիչից (պարսկ․naqqāl) Հեքիաթասացը կամ պատմիչը հիմնականում ելույթ էին ունենում սրճարաններում՝ կենդանի լսարանի առջև։ Յուրաքանչյուր հեքիաթասացի անբաժան ուղեկիցն էր իր գավազանը, որըմանթաշաէ կոչվում։ Այսպիսով, պատմիչը գավազանը ձեռքին թեմային համապատասխան ոճով միաժամանակ ցուցադրում է այն, ինչ պատմում է․ մերթ ցատկում է օդում՝ ճոճելով գավազանը որպես թուր, մերթ նետ արձակում՝ գավազանը որպես աղեղ պատկերելով։ Չի բացառվում, որ պատմիչը նաև շահնամեական դրվագներ պատմեր, սակայն շահնամեասացությունը հիմնականում ենթադրում է հանային ներկայացման բաղադրիչների առկայություն։ Այն հաճախ ուղեկցվում է ավանդական իրանական գործիքներով (քամանչա, չահարգահ և մահուր) երաժշտական կատարմամբ։
Շահնամեասացության և հեքիաթասացության օգտակարությունը
Շահնամեասացության և պատմասացության զանազան տեսակների դրական ազդեցությունը անհնարին է թերագնահատել։ Դրանք կարելի է ամփոփել հետևյալ կետերում՝
Պարսից լեզվամտածության առավել խորը ըմբռնում
Շահնամեի գեղագիտական առումով բարձրաոճ լեզուն նպաստում է պարսկերենի ընդհանուր բառապաշարային և քերականական հմտությունների զարգացմանը։ Հատկանշական է, որ Շահնամեն պահպանում է դասական պարսկերենի ամենավեհ բառապաշարային շերտը։
Իրանի պատմության և մշակույթի ճանաչում
Շահնամեն Իրանի հնագույն և առասպելական պատմության գանձարան է։ Այն ընթերցելով և ներկայացնելով՝ հնարավորություն է ստեղծվում խորապես ընկալել Իրանի հնագույն անցյալը, ավանդույթներն ու մշակութային ինքնությունը։ Այս գործընթացը օգնում է անհատին ավելի լավ ճանաչել սեփական արմատները և մշակութային ինքնությունը։
Բարոյադաստիարակչական կողմ
Շահնամեի հերոսական կերպարները, ինչպիսիք են Ռուստամը, Սոհրաբը, Զալը և այլք, մարդկային բարձր արժեքների և առաքինությունների կրողն են, ովքեր կարող են օրինակ ծառայել բոլոր մարդկանց համար։
Քննադատական մտածողության զարգացում
Շահնամեի ընթերցումն ու պատմասացությունը խթանում են քննադատական մտածողությունը։ Հերոսների վարքագծի և որոշումների վերլուծության շնորհիվ ընթերցողը կամ ունկնդիրը սովորում է հարցերին մոտենալ տարբեր դիտանկյուններից՝ ձևավորելով սեփական կարծիքը։
| Անվանում | Շահնամեասացության արվեստը՝ որպես մարդու ինքնակատարելագործման գործիք |
| Երկիր | Իրան |
| Artistic | |
| Registration | Ազգային |



