«Փայամ-է Նուր» համալսարանը
«Փայամ-է Նուր» համալսարանը պարզապես համալասարան չէ, այլև համալսարանների հսկայական ցանց է, որի գործունեությունը ընդգրկում է Իրանի ողջ տարածքը։
Համալսարանի կենտրոնական մասնաշենքը տեղակայված է Թեհրան քաղաքում, իսկ Իրանի նահանգներում համալսարանի գործունեությունը համակարգելու համար գոյություն ունեն առանձին մասնաճյուղեր։
Համալսարանի պատմությունը
Փայամ-է Նուր համալսարանը հիմնադրվել է 1988թ․-ին։ Նախապատրաստական աշխատանքներից հետո առաջին ուսանողական խումբը սկսել է իր դասընթացները թվով 27 ուսումնական կենտրոններում հիմգ մասնագիտությամբ։ Հաջորդ տարիներին բուհը կարողացավ մեծապես ընդլայնել իր մասնաճյուղերը՝ դառնալով Իրանի առաջատար բարձրագույն հաստատություններից մեկը։ Հարկավոր է նշել, որ համալսարանը ներկայացված է Իրանի 31 նահանգներից յուրաքանչյուրում և ունի շուրջ 460 մասնաճյուղ։ 2023թ․-ի վիճակագրական տվյալների համաձայն, համալսարանում սովորում է շուրջ 344000 ուսանող, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ընդհանուր թիվը հասնում է 3500-ի։
Ձգտելով զարգացնել հեռակա ուսումը՝ համալսարանը թվային տեխնոլոգիաների կիրառմամբ զգալի հաջողությունների է հասել ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու հարցում՝ այսպիսով նվազեցնելով առկա դասընթացների անհրաժեշտությունը այն դեպքերում, երբ դրանք կարող են փոխարինվել հեռակա ձևաչափի դասընթացներով։
Համալսարանում դասավանդվող մասնագիտությունները դասակարգվում են հետևյալ ուղղություններով՝
1․ Գրականություն և հումանիտար գիտություններ
2․ Աստվածաբանություն և իսլամագիտություն
3. Հասարակագիտություն
4․ Մանկավարժություն և հոգեբանություն
5․ Ֆունդամենտալ գիտություններ
6․ Գյուղատնտեսություն
7․ Տեխնոլոգիաներ և ինժեներություն
8․ Մենեջմենթ, տնտեսագիտություն և հաշվապահություն
9․ Արվեստ և ճարտարագիտություն
«Գրականություն և հումանիտար գիտություններ», ինչպես նաև «ֆունդամենտալ գիտություններ» ուղղությունները գոյություն են ունեցել համալսարանի հիմնադրումից ի վեր։ Վերոբերյալ ուղղությունների մեջ մտնող մասնագիտությունները սահմանվում են հաշվի առնելով շրջանի պահանջարկն ու կարողությունները։
Անդրադառնալով համալսարանի գիտահետազոտական գործունեությանը, նշենք, որ այստեղ լույս է տեսնում թվով 37 պարբերական, որոնցում տպագրված հոդվածների թիվը 2023թ․ դրությամբ շուրջ 8300-ի է հասել։ Պարբերականներից 6-ը ունեն միջազգային կարգավիճակ և լույս են տեսնում անգլերեն լեզվով։
Համալսարանում գործում է նաև 20 հետազոտական կենտրոն, որտեղ իրենց հետազոտական աշխատանքներն են իրականացնում համալսարանի ուսանողներն ու դասախոսները։
Համալսարանի գիտատեխնիկական պարկերի գործունեությունը ուղղված է աջակցելու նոր գաղափարներով հանդես եկող մանր և միջին ձեռնարկություններին՝ ձգտելով հնարավորինս կառավարել գոյություն ունեցող ռիսկերը։
2022թ․ համալսարանում ստեղծվել է «Ստեղծագործ նորարարության և փափուկ տեխնոլոգիաների» կենտրոնը, որի նպատակը նորարարական նոր էկոսիստեմի ստեղծում է։ Կենտրոնի գործունեությունը ուղղված է նաև զարգացնել օտարերկրյա հետազոտողների հետ գործակցությունը՝ ստեղծելով նոր համալսարանական կապեր։
Համալսարանի գործունեությունը միջազգային հարթակում
«Փայամ-է Նուր» համալսարանը արտաքին աշխարհի հետ իր կապը պահպանում է իր միջազգային կապերի վարչության շնորհիվ, որը աշխարհի տարբեր երկրներում ունի շուրջ 17 ներկայացուցչություն։ Վարչության նպատակն է Իրանում բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունեցող օտարերկրյա ուսանողների ընդունելության համակարգումը, գիտաժողովների և գիտական սեմինարների կազմակերպումը, տարբեր համալսարանների հետ հուշագրերի կնքումը, ինչպես նաև Իրանում հետազոտական աշխատանքի և պրակտիկայի հնարավորության տրամադրումը օտարերկրյա ուսանողներին։ 2023թ․ տվյալներով այստեղ սովորող օտարերկրյա ուսանողների թիվը մոտ 3000 է։
Համալսարանի կարևորագույն կենտրոններից մեկը «Պարսից լեզվի ուսուցման» կենտրոնն է, որը հիմնադրվել է 2016թ․ և որի նպատակը Իրանում բնակվող և Իրանից դուրս գտնվող ոչ-պարսկալեզու ուսանողներին պարսկերեն սովորեցնելն է։
Անվանում | «Փայամ-է Նուր» համալսարանը |
Երկիր | Իրան |
Շահույթ չհետապնդող | |
Ուսանողների ամբողջական թիվ | 344000 |
Օտարերկրյա ուսանողների թիվ | 3000 |
Կոնտակտային տվյալներ | 02123320000 |
Վեբ կայք | http://www.pnu.ac.ir/portal/home/ |