Քրդական ազգային հագուստը՝ գեղեցկության և ավանդույթի համադրություն
Ինչպես և հայ ժողովուրդը, յուրաքանչյուր իրանական ժողովուրդ ձևավորել է իր առանձնահատուկ ազգային հագուստը, որի բնորոշ հատկանշանները պայմանավորված են աշխարհագրությամբ, տեղական ավանդույթներով և մշակույթով։ Ազգային հագուստը մշտապես ծառայել է թե՛ որպես մարդու մարմինը ծածկելու և պաշտպանելու միջոց, և թե՛ որպես գեղեցկության տարրեր պարունակող բաղադրիչ։
Արդի քրդական ազգային հագուստին նմանվող տարրերը թերևս նկատելի են դեռ աքեմենյան շրջանի ճարտարապետության, մասնավորապես՝ Պերսեպոլսի Ապադանայի պալատի մուտքի քանդակներում, ինչը ընդգծում է այս հագուստի իրանական բնույթը։
Քրդական հագուստը, որը տարածված է Իրանի և տարածաշրջանի տարբեր երկրներում բնակվող քրդերի մոտ, որոշակի մանր տարբերություններով հանդերձ, ընդհանուր «բնավորություն» ունի, որին անդրադարձ կկատարվի ստորև։
Քրդական հագուստի բաղադրիչները
Ինչպես գիտեք, քրդերը բնակվում են Իրանում, Թուրքիայում, Սիրիայում և Իրաքում։ Իրանում քրդերով են բնակեցված հիմնականում Քրդաստան, Իլամ, Խորասան նահանգները, ինչպես նաև Ատրպատականի որոշ շրջաններ։ Տարածաշրջանային տարբերությունները որոշակիորեն ազդեցություն են թողել հագուստի վրա, սակայն ավանդական սկզբունքները հիմնականում պահպանված են։ Քրդական հագուստի հիմնական առանձնահատկությունն այն է, որ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց հագուստը ամբողջապես ծածկում է մարմինը՝ ոտքից մինչև գլուխ։
Կանանց հագուստը
Քուրդ կանանց հագուստը առանձնանում է հարուստ և գունագեղ տեսքով։ Այն կարող է բաղկացած լինել ընդհուպ մինչև 11 տարրից՝ կոշիկ, տապատ, ներքնաշապիկ, երկար շապիկ, բաճկոնակ, խալաթ (կաբա), կիսաթիկնոց կամ «յել», զարդանախշերով եռանկյունաձև թաշկինակ, փաթաթվող գոտի, գլխաշոր, և երբեմն նաև ապարոշ։
Սովորաբար, կանանց հագուստի համար օգտագործվում են սատինը, թավիշը, մետաքսը, ինպես նաև ցանցային գործվածքներ։ Կտորները զարդարվում են տարբեր տեսակի փայլաթիթեղներով, մետաքսե թելերով և մանյակներով։ Ստորև ներկայացնում ենք ազգային զգեստի հիմնական բաղադրիչները՝ բնիկ անվանումներով։
- Ջաֆի՝ կանացի տաբատ է, որի վերևի հատվածը լայնավուն է և աստիճանաբար նեղանում է դեպի կոճեր։ Այն երբեմն նաև «դարփե» է կոչվում։
- Քրաս՝ պարզ կարվածքով կանացի երկար շապիկ, որի վրայից հագուստի այլ շերտեր են կրում։ Իրանի հյուսիս-արևելքում քրասը կարճ է, ինչի պատճառով դրա տակից հագնում են նաև «շլիթե»։ Վերջինս ծալքերով հարուստ գունավոր հագուստի տեսակ է, և երբեմն այն կարելու համար մոտ 12 մ․ երկարությամբ կտոր է անհրաժեշտ։
- Շալքամար – մինչև 8 մ․ երկարությամբ և 40 սմ․ լայնությամբ կանացի շալ, որը փաթաթվում է կրասի վրա։
- Քոլոնջե – շքեղ հյուսվածքով բաճկոնակ է, որը համարվում է քրդական ավանդական հագուստի ամենակարևոր տարրերից մեկը։ Տարբեր երկրներում այն տարբեր անվանումներով է հայտնի , որպես օրինակ Ավրոմանում այն «սուխմե» է կոչվում։
- Գլխազարդեր – քուրդ կանանց գլխաշորերը աչքի են ընկնում ո՛չ միայն ոճական, այլ նաև կիրառական լայն բազմազանությամբ․ «քելաղային», որպես օրինակ, միայն պաշտոնական արարողությունների համար նախատեսված գլխաշոր է, «դեհսմալը» կապում են միայն հարսանիքին, իսկ «արաղչին» կոչվող գլխաշորը կրում են միայն նորահարսները։
- Կոշիկներ և գուլպաներ – կանայք կրում են նախշազարդ գուլպաներ։ Կոշիկները պատրաստվում են կաշվից, ծայրերը սուր են, երբեմն՝ զարդարված։ Հյուսիսարևելքում հանդիպում են նաև այծի բրդից կարված կոշիկներ։
Տղամարդկանց հագուստ
Քրդերի մոտ տղամարդու հագուստը հիմնականում մինչև 9 բաղադրիչ է ներառում՝ գլխարկ կամ թաշկինակ, վերնաշապիկ, բաճկոն, բաճկոնակ, տաբատ, գուլպաներ, կոշիկ և գոտի։
- Դամեղափան – տաբատի տեսակ է, որը նման է կանանց «ջաֆիին»՝ վերևում լայն և աստիճանաբար դեպի ներքև նեղացող։ Սովորաբար այն շագանակագույն է։
- Յել – կարճ, սակայն երկարաթև բաճկոնակ է, որի վրայից սովորաբար «սամբուսե» կոչվող սպիտակ կտորից գործած թևքեր են հագնում։
- Շալքամար – մինչև 20 մ․ երկարությամբ, 30–60 սմ․ լայնությամբ գոտի։ Հետաքրքրական է, որ երկարությունն ու տեսքը արտացոլում են մարդու դիրքն ու պատիվը ցեղակիցների շրջանում։
- Պաստակ – տարվա ցուրտ օրերի համար նախատեսված բաճկոնակ է՝ պատրաստված բրդից կամ թաղիքից․ չունի կոճակ։
- Գիովե – ձեռագործ, թեթև, հիմնականում սպիտակ։
- Սաղբանդ կամ փուզվանե– կաշվից ոտնամաններ, որոնք օգտագործվում են ցուրտ եղանակին։
- Գլխազարդեր – քրդերի հավատալիքների համաձայն տղամարդկանց գլուխը չպետք է բաց մնա։ Այս հանգամանքով պայմանավորված ազգային հագուստը հարուստ է տարատեսակ գլխարկներով և գլխաշորերով։ Այսպիսով, քրդերը հաճախ շալ են փաթաթում գլխին, որի այլընտրանքը գլխարկն է՝ վրայից սև, կարմիր կամ սպիտակ փափափանով։
| Անվանում | Քրդական ազգային հագուստը՝ գեղեցկության և ավանդույթի համադրություն |
| Երկիր | Իրան |
| Նահանգ | Քրդստան |
| Քաղաք | Մարիվան |
| Artistic | |
| Registration | No registration |





