Սաադալսալթանեի քարավանատունը՝ Իրանի ամենամեծ քաղաքային իջևանատունը

Սաադալսալթանեի քարավանատունը՝ Իրանի ամենամեծ քաղաքային իջևանատունը

Սաադալսալթանեի քարավանատունը՝ Իրանի ամենամեծ քաղաքային իջևանատունը

Պատմության ընթացքում իրանական քարավանատները եղել են այնպիսի կառույցներ, որոնց կարևորությունը անհնար է թերագնահատել։ Գտնվելով խոշոր առևտրական ճանապարհների միջակայքում՝ դրանք գլխավորապես ծառայում էին առևտրական քարավաններին՝ նրանց տրամադրելով հանգստի, սննդի և ապահովության պայմաններ։ Իջևանատները հիմնականում կառուցվում էին քաղաքները միացնող հանգույցների վրա՝ նպաստելով առևտրային ենթակառուցվածքների ձևավորմանը, ճանապարհների անվտանգության ապահովմանը և խոշոր առումով՝ առևտրի զարգացմանը։

Այնուամենայնիվ, կարևոր է նշել, որ բոլոր քարավանատները չէ, որ կառուցված էին քաղաքից դուրս․ դրանց մի մասը գտնվել է քաղաքների ներսում՝ որպես հյուրատներ և ապրանքների վաճառքի ժամանակավոր կետեր։ Լավագույն օրինակը, թերևս, Ղազվին քաղաքի Սաադալսալթանեի քարավանատունն է, որը հայտնի է նաև որպես «Սարա-յե Սաիդիե» կամ «Բազարչե-յե Սաադալսալթանե» (թարգմ․՝ Սաադալսալթանեի փոքր շուկա)։

Իջևանատան կառուցման պատմությունն ու պատմական նշանակությունը

Սաադալսալթանեի քարավանատան շինարարությունը սկսվել է Նասր ալ-Դին շահի օրոք 1892 թ․ և տևել է շուրջ երկու տարի։ Քարավանատունը անվանակոչվել է ժամանակի Ղազվինի կառավարիչ Բաղեր խան Սաադալսալթանեի պատվին։ Ղազվին քաղաքը պատմականորեն եղել է կարևոր հանգույց, որը փաստացի միացրել է Իրանի արևելքը արևմուտքին՝ լայն առումով Իրանը կապելով Թուրքիայի և արևմուտքի երկրների հետ։ Քաղաքն այն ժամանակ ծառայում էր որպես դարպաս դեպի Թեհրան, ուստի Սաադալսալթանեն որոշեց այստեղ կառուցել մեծ քարավանատուն՝ առևտուրը խթանելու համար։ Շինարարության մեջ ներգրավված էին երկու սպահանցի և երկու ղազվինցի ճարտարապետներ։ Քարավանատունը գործել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ ծառայելով որպես հանգստավայր առևտրականների և ճանապարհորդների համար։ Սակայն պատերազմից հետո, տնտեսական դժվարությունների հետևանքով, քարավանատան տաղավարները վերածվել են արտադրական արհեստանոցների։ 1998 թ․ սկսվել են վերականգնման աշխատանքները, ինչի շնորհիվ շինությունը նոր կյանք է ստացել։

Ճարտարապետական առանձնահատկությունները

Սաադալսալթանեի քարավանատունը զբաղեցնում է շուրջ 2․7 հեկտար տարածք և ներառում է մոտ 400 խանութ ու տաղավար, ինչը այն դարձնում է Իրանի ամենամեծ քաղաքային քարավանատունը։ Շենքը կառուցված է քառապատշգամբ ճարտարապետական ոճով։ Պատշգամբների կամարները զարդարված են մանրակերտ աղյուսներով, իսկ առաստաղները՝ մուղարնասով։ Գլխավոր մուտքը գտնվում է Ղազվինի Իմամ Խոմեյնի փողոցում և բացվում է դեպի գլխավոր բակ։ Բացի դրանից, համալիրում կա ևս յոթ բակ, որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը։

Քարավանատան ամենահիասքանչ մասը «Չահարսուղն» է՝ դեղին և փիրուզագույն կղմինդրներով զարդարված մեծ գմբեթով։ Այն միացնում է փողոցը գլխավոր բակին։ Գմբեթը շրջապատված է չորս կիսագմբեթներով, որոնց վրա գրված են շինարարության ավարտի թվականն ու ճարտարապետների անունները։

Բացի այս, համալիրում տեղակայված են Ռեզավիի բաղնիքը (1800 քմ), Սաադիեի բաղնիքը, ինչպես նաև Վազիրի ուղին, որտեղ կա 44 խանութ-տաղավար։ Այսօր քարավանատան ներսում գործում են սրճատներ, ռեստորաններ և մի շարք թանգարաններ՝ այդ թվում «Շահնամեի, առասպելների և ազգագրության թանգարանը», ինչպես նաև «Սալեհիի թանգարանը»։

Գրանցում ազգային և համաշխարհային ցուցակներում

1937 թ․ Սաադալսալթանեի քարավանատունը գրանցվել է որպես Ղազվինի շուկայի բաղկացուցիչ մաս։ Հետագայում, 1998 թ․, այն ինքնաբերաբար ներառվել է Իրանի ազգային հուշարձանների ցուցակում։ Իսկ 2023 թվականին (1402 թ․) Սաադալսալթանեն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում՝ որպես Իրանի 54 պատմական քարավանատներից մեկը։

 

Անվանում Սաադալսալթանեի քարավանատունը՝ Իրանի ամենամեծ քաղաքային իջևանատունը
Երկիր Իրան
ՆահանգՂազվին
ՔաղաքՂազվին
Պատմական
RegistrationUnesco,Ազգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: