Զբոսաշրջային տեսարժան վայրեր

Խարանաղի ջրատար կամուրջը

Խարանաղի կամուրջը ավանդական շինություններից է՝ նախատեսված ոչ միայն մարդկանց, այլ նաև ջրի անցուդարձի համար

Անապատային Յազդ նահանգը համարվում է հյուսիսային կիսագնդի չոր և կիսաչոր կլիմայական գոտու մի մասը։ Այն տեղակայված է լայնատարած մի հովտում՝ Շիրքուհ և Խարանաղ լեռնաշղթաների միջեւ։ Խարանաղը Յազդ նահանգի Արդաքան շրջանի հնագույն գյուղերից մեկն է և աչքի է ընկնում տարածքին բնորոշ տաք և չոր կլիմայով։ Արդաքանը յուր առանձնահատկություններով հանդերձ միաժամանակ տնտեսական և ռազմավարական կարևորություն ունեցող շրջան է։ Այստեղ են գտնվում Չադորմալուի երկաթի հանքավայրը, Սաղանդի ուրանիումի հանքը, ինչպես նաև բարիտի, ցինկի ու գրանիտի հանքավայրերը։ Արդաքանում է տեղակայված նաև Դարե-Անջիր արգելոցը, որտեղ բնակվում են մի շարք էնդեմիկ կենդանատեսակներ՝ իրանական այծ, վարազ, ընձառյուծ (յուզ) և արոս (հուբարա)։ Այս ամենը Արդաքանը դարձնում է Յազդ նահանգի եզակի շրջաններից մեկը։

Խարանաղը Արդաքանից 60 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Գյուղն ունի հնամենի պատմություն և հարուստ է մշակութային ժառանգությամբ։ «Խարանաղ» անվանումը «Խորնաղ» կամ «Խորանաղ» անվան ձևափոխված տարբերակն է` «արևածագի վայր» նշանակությամբ: Գյուղում պահպանվել են մի շարք պատմական հուշարձաններ, որոնցից մեծ հռչակ են վայելում քաղաքային բերդը, բաղնիքը քարավանատունը և մզկիթը։ Սակայն դրանց շարքում ամենահետաքրքիրը և ամբողջ Իրանում իր տեսակի մեջ եզակին Խարանաղի ջրատար կամուրջն է, որը ժամանակին կիրառվել է թե՛ ջուրը տեղափոխելու նպատակով, և թե՛ որպես կամուրջ։

Խարանաղի կամրջի պատմությունը

Եթե մի պահ մոռանանք քանաթ կամ քարիզ կոչվող հնագույն համակարգերի մասին, ապա Խարանաղի կամուրջը Յազդ նահանգի հնագույն ջրատար շինություններից է, և նրա՝ ջրի տեղափոխման տեխնիկան նույնքան եզակի է, որքան քանաթինը։ Մասնագետների կարծիքով կամրջի հիմքերը դրվել են դեռևս Սելջուկյան շրջանում (մ․թ․ 11-րդ դար), իսկ վերին հատվածի կառուցումը թվագրվում է Ղաջարական շրջանով (19-րդ դար)։ Գյուղի տարեցների փոխանցմամբ կամրջի վերին հատվածը փլուզվել է ավելի քան մեկ դար առաջ հեղեղի պատճառով և հետագայում վերակառուցվել Ղաջարների օրոք։ Վերականգնման արդյունքում կամուրջը էլ ավելի է կատարելագործվել՝ պահպանելով ճարտարապետական սկզբունքները և հավելելով «շոթորգալու» (բառացի՝ «ուղտի կոկորդ») կոչվող նոր տարրը։

Տեղացիները կամուրջը կոչում են «Աբբարե-քալ»։ «Աբբարե» տերմինը տեղական բարբառում նշանակում է «ջրատար», իսկ «քալ»-ը՝ հորդահոս սեզոնային գետի անվանում է։

Խարանաղի կամրջի ճարտարապետությունն ու առանձնահատկությունները

Կամուրջը կառուցված է աղյուսից, ինչով էլ պայմանավորված է դրա ամրությունն ու երկարակեցությունը։ Հիմքի աղյուսները կարմրագույն են և նկատելիորեն մաշված։ Դրանք պատված են «սարուջ» կոչվող ավանդական տեսակի շաղախով։ Հենաբեկորները բազմաշերտ քարե հիմքի վրա են։ Վերին մասի աղյուսներն արդեն դեղին երանգ ունեն, և հեշտ է տարբերել, որ դրանք համեմատաբար նոր են կառուցված։ Կամուրջը ունի չորս կամարավանդակ ու երեք հենաբեկոր։ Երկարությունը՝ 40 մետր է, լայնությունը՝ 5 մետր 10 սանտիմետր, բարձրությունը՝ 5 մետր 70 սանտիմետր։ Այն ունի մոտ երկու տոկոս թեքություն, որը նպաստում է ջրի ուղղորդմանը։ Մինչ օրս, առատ անձրևների ժամանակ կամուրջը դեռ շարունակում է ջուրը փոխանցել մի ափից մյուսը։