Ֆասա քաղաքը՝ Ֆարս նահանգի պատմության մի բեկոր
Իրանի Ֆարս նահանգի կենտրոնական շրջանում տեղակայված Ֆասա քաղաքը հնում հայտնի էր որպես Պասա և միայն արաբական նվաճումներից հետո ստացավ Ֆասա տեսքը՝ արաբերենում /p/ հնչյունի բացակայությամբ պայմանավորված: Այսուամենայնիվ հին անունը՝ Պասան, շարունակեց գործածվել իսլամական ժամանակաշրջանի որոշ աշխարհագրական աշխատություններում: Օրինակ, Էբն ալ-Բալխիի և «Հոդուդ ալ-ʿԱլամ» միջնադարյան աշխատություններում նշվում է Պասա ձևը, իսկ ձեռագրերում հանդիպում է նաև Բասա տարբերակը։ Համաձայն Հ․ Բեյլիի Ֆասա/Պասա անունը ծագում է հին պարսկերեն *pa-sāya տերմինից, որը կազմված է *pa- նախածանցից և *sāya- արմատից, որոնց համադրությունը տալիս է «ճամբար» իմաստը (H. W. Bailey, “Nasā and Fasā,” in Monumentum H. S. Nyberg III, Acta Iranica 6, Leiden, 1975, pp. 309-12.): Այսպիսով, անվանումը կարելի է մեկնաբանել որպես «ճամբարի վայր», ինչը թույլ է տալիս կարծել, որ դեռևս աքեմենյան ժամանակաշրջանում այստեղ ռազմական ճամբար է գոյություն ունեցել, որը հետագայում ընդարձակվելով վերածվել է բնակավայրի։
Կարճ քաղաքի պատմության մասին
Որոշ աղբյուրներում Ֆասա քաղաքի պատմությունը վերագրվում է Փիշդադյանների դիցաբանական ժամանակաշրջանին։ Բայց հաստատ է, որ այս քաղաքը բնակեցված է եղել Աքեմենյան ժամանակաշրջանում (մ.թ.ա. 550-ից 330 թթ.): Ներկայումս Ֆասայում կան Սասանյան շրջանով թվագրվող կառույցների մնացորդներ։ Երբ Իսլամը մուտք գործեց Իրան, Ֆասա քաղաքը ծանր մարտերից հետո հանձնվեց մուսուլմանական զորքերին։ Հայտնի է, որ ֆիջրայի առաջին դարում (մ․թ․ 7-8րդ․ դդ․) Ֆասայում մետաղադրամներ են հատվել։ Հետիսլամական շրջանի ճանապարհորդ հեղինակների համաձայն՝ այն խաղաղ և բարեկեցիկ քաղաք էր, սակայն տարբեր ուժերի կողմից բազմիցս ավերածության է ենթարկվել։
Ժամանակակից Ֆասա քաղաքը հավանաբար ձևավորվել է Սեֆյանների տիրապետության շրջանում (մ.թ. 1501 - 1736 թթ.): Աֆշարների շրջանում այն սկսեց ծաղկել և աստիճանաբար ստացավ այն տեսքը, որը ունի այսօր։
Ֆասայի աշխարհագրությունը
Շիրազի, Բանդար Աբասի և հարավում գտնվող կարևորագույն քաղաքներից մեկի՝ Քերմանի միջև հաղորդակցության ճանապարհին տեղակայված լինելու հանգամանքը Ֆասային մեծ նշանակություն է հաղորդել։ Ֆասա քաղաքի մոտ 40%-ը հարթավայր է, իսկ մնացածը՝ լեռներ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1150 մետր բարձրության վրա, իսկ ամենաբարձր կետը Խարմանքուհ գագաթն է՝ 3220 մ բարձրությամբ։
Ֆասան ունի ավելի քան 200 հազար մարդ և այս առումով համարվում է Ֆարս նահանգի ամենաբնակեցված շրջաններից մեկը։ Կլիման կիսաչոր մայրացամաքային է և բարեխառն։ Ամռանը օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40 °C, իսկ ձմռանը՝ ամենացուրտ ժամանակ կարող է հասնել 8 °C։
Ֆասայի տեսարժան վայրերը
Զահակի ամրոցը (Tall-e Zahhāk)
Պատմական այս կոթողը՝ հայտնի «Զահհակի բլուր» անվամբ, գտնվում է Ֆասայից երեք կիլոմետր հարավ-արևելք՝ Խեյրաբադ կոչվող գյուղում, և 1931թ․ ներառվել է Իրանի պատմական կոթողների ցանկում։ Այս բերդը առավել անառիկ դարձնելու նպատակով նրա շուրջը մեծ խրամ են փորել, որի հետքերը դեռևս երևում են։
Տեղացիները պատմում են մի երկար քարանձավի գոյության մասին, որը շարունակվում էր մինչև «Զահակի խոհանոց» կոչվող վայրը, և կերակուրներ մատուցելիս մարդիկ իրար կողք էին կանգնում և մեկը մյուսին փոխանցելով՝ ուտելիքը տեղափոխում էին ամրոց։
«Արքայազն Ղասեմ» էմամզադեն
Այս Իմամզադեն շիաների առաջին առաջնորդ Ալի Թալիբի եղբոր՝ Աղիլի ժառանգ Ղասեմ անունով անձի դամբարանն է։
«Միանջանգալի» արգելոցը
Այս տարածքը գտնվում է Միանջանգալ լեռան հյուսիսային լանջին՝ Ֆասայից 50 կմ հյուսիս-արևմուտք և Շիրազից Քերման տանող գլխավոր ճանապարհի մոտակայքում։ Ճանապարհի երկու կողմերում աչքի են ընկնում սաղարթախիտ ծառերը, իսկ որոշ հատվածը օգտագործվում է որպես զբոսավայր։
Խարմանքուհ
Խարմանքուհ լեռը, որը գտնվում է Ֆասայի հյուսիսում, իր գեղատեսիլ աղբյուրներով ամեն տարի բազմաթիվ արշավախմբերի է հյուրընկալում։ Լեռան ստորոտին է գտնվում «Աթաշքադե» անվամբ տեսարժան վայրը, որի ձկնաբուծական լիճը և աղբյուրը տեղի տեսարժան վայրերից են համարվում, իսկ լեռան լանջին՝ 400 մետր բարձրության վրա, մի գեղեցիկ քարանձավ է գոյացել։
Ֆասայի մշակույթի թանգարանը
Ֆասայի թանգարանը գտնվում է Մոհամմադ Թաղի Զու-օլ-Ղադրի անվան դպրոցում և ունի ավելի քան յոթ հազար արժեքավոր նմուշ, որոնք ցուցադրված են ութ պատկերասրահներում։ Այս առարկաների մեծ մասը թանգարանին է ընծայվել մարդկանց կողմից։
Անվանում | Ֆասա քաղաքը՝ Ֆարս նահանգի պատմության մի բեկոր |
Երկիր | Իրան |
Նահանգ | Ֆարս |
Քաղաք | Ֆասա |
Պատմական | |
Registration | No registration |