«Հաջ Աղա Ալիի» տունը
Քերման նահանգը Իրանի կարևորագույն պատմական շրջաններից մեկն է։ Այս նահանգում են գտնվում բազմաթիվ պատմական քաղաքներ և բնակավայրեր՝ լի տեսարժան վայրերով։ Դրանցից մեկն է Րաֆսանջան քաղաքը, որի ճարտարապետական կառույցներից մեկի մասին էլ կխոսվի այս գրառման մեջ։
Րաֆսանջանը գտնվում է նահանգի հյուսիսարևմտյան հատվածում՝ նահանգակենտրոն Քերմանից 115 կմ հեռավորության վրա։ Թեհրանից Չաբահար տանող մայրուղին Րաֆսանջանի մոտով է անցնում, ինչով էլ պայմանավորված է քաղաքի տնտեսական զարգացումը։
Չնայած ժողովրդի լայն շրջանում քաղաքը հայտնի է իր համեղ պիստակով, այնուամենայնիվ այստեղ գոյություն ունեն տարատեսակ պատմական կառույցներ՝ մզկիթ, հոսեյնիյե, շուկա, բաղնիք և այլն։ Պատմական ժառանգության շարքում հատկապես առանձնանում է «Հաջ Աղա Ալիի» տուն կոչվող համալիրը, որը յուր անօրինակ ճարտարապետության և մթնոլորտի շնորհիվ մշտապես ուշադրության կենտրոնում է գտնվել։
«Հաջ Աղա Ալիի» տան պատմությունը
Այս առանձնատան կառուցման համար 14 տարի է պահանջվել։ Հատկանշական է, որ շինարարական աշխատանքները ղեկավարվել են ինչպես Րաֆսանջանի, այնպես էլ Յազդ քաղաքի վարպետների կողմից։ Ասում են, որ այն ժամանակ այս տունը առաստաղ ունեցող ամենամեծ կառույցներից էր աշխարհում։ Ինչպես կարող եք կռահել անվանումից, տանտերը Հաջ Աղա Ալին էր։ Նա շինության կառուցումը ավարտելուց հետո այն նվիրաբերեց համայնքին։ Ասում են, որ Հաջ Աղա Ալին ի սկզբանե շատ աղքատ էր, սակայն անխոնջ աշխատանքի շնորհիվ կարողացավ ի վերջո զգալի ունեցվածք կուտակել։ Նա իր կյանքի ընթացքում կառուցել է նաև այլ շինություններ, ինչպիսիք են՝
- Քաղաքի փակ շուկան՝ բաղկացած 21 տարբեր մասերից։
- Աղյուսե ջրամբարը՝ հատուկ զարդարված մանրահատակով։
- «Չեհելսոթուն» (թարգմ․՝ «քառասուն սյուն») անվամբ հայտնի մզկիթը։
- Քաղաքի սալիկապատ բաղնիքը
- Հոսեյնիյեն
- Շուկայի մոտ գտնվող քարավանատունը, որտեղ հյուրընկալվում էին ճանապարհորդները
- Աղավնատուն / սառցարանը, որը օգտագործվում էր ձմռան սառույցը պահեստավորելու և ամռանը այն օգտագործելու նպատակով։
Այս բոլոր շինությունները վերանորոգվել և վերականգնվել են 2017թ․։
Ինչո՞վ է տարբերվում Հաջ Աղա Ալիի առանձնատունը
Հաջ Աղա Ալիի հինավուրց ու վեհաշուք տունը, իր ընդարձակությամբ ու կառուցվածքային բազմազանությամբ, դասվում է Ռաֆսանջանի ամենանշանավոր ճարտարապետական կոթողների շարքին։ Այս հսկայական շինությունը տեղավորում է ութսունվեց սենյակ, որոնց դռների քանակը ընդհուպ մինչև յոթի կարող է հասնել։ Բացի այդ տունը ունի չորս ընդարձակ բակ, մի քանի բաց և ծածկապատ միջանցք, ինչպես նաև երեք նախասրահ, որոնց շնորհիվ այն հիրավի լաբիրինթոսի է վերածվում։
Կառույցի մեծությունը վկայում է ոչ միայն ժամանակի վարպետների ճաշակի ու հմտության, այլև այն բծախնդիր ճշգրտության մասին, որով կատարվել է շինարարությունը։ Տեղական անապատային կլիմային համահունչ ընտրված նյութերը շինությունը դարձրել են դիմացկուն ու ամուր։ Թեև տան հիմնական հատակագծերը հիմնված են ավանդական իրանական ճարտարապետության կաղապարների վրա, որոշ հատվածներում հստակ երևում են նաև հռոմեական, եվրոպական ու հնդկական ոճերի նրբերանգներ։
Հաջ Աղա Ալիի տան գոհարն էքյարիզիցսնուցվող ջրավազանով մեծ սրահը։ Այն երկհարկանի է՝ զարդարված նրբագեղ սալահատակով։ Գունագեղ որմնապակիների միջով սենյակներ թափանցող արեգակի ճառագայթները խաղում են պատերի վրա՝ էլ ավելի շքեղ և հրապուրիչ տեսք հաղորդելով շինությանը։
| Անվանում | «Հաջ Աղա Ալիի» տունը |
| Երկիր | Իրան |
| Նահանգ | Քերման |
| Քաղաք | Ռաֆսանջան |
| Պատմական |







