Ձեռագործ աշխատանք

Սարայանի զանգակագործությունը․ Հարավային Խորասանի հնագույն արհեստի հնչյունը

Իրանի Հարավային Խորասանի Սարայան գավառը հայտնի է ոչ միայն իր զաֆրանով ու պատմական հուշարձաններով, այլև դարավոր արհեստագործական ավանդույթներով։ Դրանցից առանձնահատուկ տեղ ունի զանգակագործությունը՝ մի հնագույն արվեստ, որտեղ մետաղը վարպետի ձեռքում վերածվում է ոչ միայն օգտակար առարկայի, այլև յուրահատուկ հնչեղություն ունեցող մշակութային ժառանգության։

Սարայանի զանգակագործությունը․ Հարավային Խորասանի հնագույն արհեստի հնչյունը

Իրանի արևելքում գտնվող Հարավային Խորասան նահանգի վարչական կենտրոնը Բիրջանդ քաղաքն է։ Նահանգը ներառում է 11 գավառ, որոնցից մեկը Սարայանն է՝ տեղակայված Հարավային Խորասանի հյուսիս-արևմտյան հատվածում։ 2005 թվականին Սարայանն առանձնացվել է Ֆիրդուսի գավառից և ստացել առանձին վարչական կարգավիճակ։

Գավառի կենտրոն Սարայան քաղաքը Մաշհադից գտնվում է շուրջ 411, իսկ Բիրջանդից՝ 162 կիլոմետր հեռավորության վրա։ Սարայանը հայտնի է ոչ միայն բարձրորակ զաֆրանով, այլև իր պատմական ջրամբարներով, որոնցից մի քանիսը մինչ օրս շարունակում են ծառայել տեղի բնակչությանը։

Հարավային Խորասանի ավանդական արհեստները

Ինչպես Իրանի շատ այլ շրջաններում, Հարավային Խորասանում ևս ավանդական արհեստները դարերի ընթացքում ձևավորվել են տեղի բնության, աշխարհագրական պայմանների և բնակչության առօրյա կարիքների ազդեցությամբ։

Գյուղատնտեսությունն ու անասնապահությունը երկար ժամանակ եղել են տարածաշրջանի բնակչության հիմնական զբաղմունքներից, իսկ արհեստագործությունը լրացրել է մարդկանց եկամուտը և միաժամանակ դարձել ազատ ժամանակը ստեղծագործ աշխատանքով անցկացնելու միջոց։

Իրանի մշակութային ժառանգության ոլորտի տվյալների համաձայն՝ երկրում գրանցված մոտ 290 ավանդական արհեստներից ավելի քան 80-ը տարածված են Հարավային Խորասանում։ Այդուհանդերձ, դրանցից մի քանիսն այսօր կանգնած են մոռացության վտանգի առջև։

Նահանգի տարբեր շրջաններից Սարայանը հատկապես կարևոր տեղ է զբաղեցնում ավանդական արհեստների պահպանման տեսանկյունից։ Այստեղ բազմաթիվ արտադրատեսակներ մինչ օրս պատրաստվում են հին եղանակներով՝ պահպանելով իրենց տեղական ինքնատիպությունը։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ ունի զանգակագործությունը՝ դարավոր պատմություն ունեցող մետաղագործական արհեստը։

Սարայանի զանգակագործությունը․ պատմություն և առանձնահատկություններ

Տեղական ավանդության համաձայն՝ Սեֆյանների իշխանության տարիներին Սպահանի մի խումբ դարբիններ ապստամբել և գործադուլ են հայտարարել իշխանությունների դեմ։ Հետագայում նրանք աքսորվել են Սարայան։ Այս վարպետների բնակությունը քաղաքում էական դեր է խաղացել այստեղ դարբնագործության զարգացման և տարածման գործում։

Ժամանակի ընթացքում Սարայանում զարգացել են մետաղագործական բազմաթիվ արհեստներ՝ ավանդական դարբնագործություն, պղնձագործություն, ծիսական մետաղյա նշանների պատրաստում, փականագործություն, զինագործություն, դանակագործություն և մետաղի փորագրություն։

Քաղաքի պատմական Մեյսամ շուկան Սարայանի հնագույն շուկաներից է։ Այն ձևավորվել է Սեֆյանների ժամանակաշրջանում՝ մոտավորապես 16-րդ դարում, և երկար ժամանակ համարվել է քաղաքի ավանդական դարբնագործության գլխավոր կենտրոններից մեկը։

Զանգակագործությունը ևս ավանդական դարբնագործության ճյուղերից է։ Դարեր շարունակ Մեյսամի շուկայում աշխատել են դարբինների արհեստանոցներ, իսկ անասնապահության զարգացմանը զուգընթաց մեծացել է նաև կենդանիների համար զանգակների պահանջարկը։

Սարայանցի վարպետները տարիների ընթացքում կատարելագործել են զանգակների պատրաստման տեխնիկան և հասել այնպիսի վարպետության, որ քաղաքի զանգակները հայտնի են դարձել տարածաշրջանի սահմաններից դուրս։

Ինչպե՞ս են պատրաստվում Սարայանի զանգակները

Զանգակների պատրաստման համար ավանդաբար օգտագործվում են երկաթյա հին կտորներ, օգտագործված մետաղյա թիթեղներ՝ նախկինում ձյութի կամ յուղի տարաների համար կիրառված, ինչպես նաև 1-ից 2.5 միլիմետր հաստությամբ երկաթյա թիթեղներ։

Աշխատանքի ընթացքում վարպետներն օգտագործում են ավանդական դարբնագործության գործիքներ՝ տարբեր տեսակի սալեր, կռաններ, աքցաններ, մուրճեր, հատիչներ, խարտոցներ և մետաղ կտրող մկրատներ։

Մետաղյա թիթեղները նախ տաքացվում են հնոցի մեջ, ապա բազմաթիվ հարվածներով ձևավորվում և միացվում միմյանց՝ ստանալով զանգակի անհրաժեշտ կառուցվածքը։ Տարբեր մասերի զոդման ժամանակ հաճախ օգտագործվում են արույրի մնացորդներ։

Սարայանցի արհեստավորների համոզմամբ՝ արույրը ոչ միայն օգնում է ամրացնել մետաղական մասերը և փակել դրանց միջև առաջացած փոքր բացվածքները, այլև զանգակի ձայնը դարձնում է ավելի հնչեղ, պարզ և լսելի։

Զանգակը՝ հովվի անբաժան ուղեկիցը

Զանգակներն առաջին հերթին օգտագործվում են անասնապահների և հովիվների կողմից։ Դրանք առանձին կամ զույգերով կախում են ոչխարների, այծերի, ջորիների, ինչպես նաև հոտապահ շների պարանոցներից։

Սակայն զանգակն ունի նաև զարդարանքի նշանակություն․ այն կարող է օգտագործվել մանկական օրորոցի կամ տան դռան վրա որպես կախազարդ։

Հովիվների համար զանգակի ձայնը պարզապես հաճելի հնչյուն չէ։ Այն կարևոր տեղեկություն է հաղորդում հոտի շարժման մասին։ Զանգակների միջոցով հնարավոր է նույնիսկ հեռվից որոշել կենդանիների գտնվելու վայրը կամ շարժման ուղղությունը։

Եթե զանգակների սովորական ու համաչափ հնչյունը հանկարծ փոխվում է, դա հովվի համար կարող է վտանգի ազդանշան լինել՝ զգուշացնելով գայլի կամ այլ վայրի կենդանու հնարավոր հարձակման մասին։

Տեղի հովիվների համոզմամբ՝ զանգակների մեղմ ու միապաղաղ հնչյունը նաև հանգստացնում է կենդանիներին և նպաստում, որ հոտն ավելի հանգիստ արածի։

Հետաքրքիր է նաև, որ արու կենդանիների համար սովորաբար ընտրում են ավելի ցածր և խորը ձայն ունեցող զանգակներ, իսկ էգերի համար՝ ավելի բարձր հնչողությամբ զանգակներ։

Որոշ հովիվներ զանգակ են կախում առավել աշխույժ, համարձակ ու արագաշարժ կենդանիների պարանոցներից։ Սարայանի տեղական խոսվածքում այդպիսի կենդանիներին անվանում են «սուր»։ Նրանք սովորաբար շարժվում են հոտի առջևից և իրենց հետևից տանում մյուս կենդանիներին։

Զանգակների չափը ևս ընտրվում է կենդանու չափերին համապատասխան։ Այծերի և ոչխարների զանգակները համեմատաբար փոքր են, մինչդեռ կովերի կամ ուղտերի համար պատրաստվող զանգակների երկարությունը երբեմն հասնում է շուրջ 30 սանտիմետրի։

Սարայանի զանգակագործությունը՝ Իրանի ազգային ոչ նյութական ժառանգության ցանկում

Սարայանի զանգակագործությունն առանձնանում է իր տեղական բնույթով, մետաղյա տարբեր մասերի միացման բարդ ու ճշգրիտ տեխնիկայով, ինչպես նաև այն հատուկ նյութերով և եղանակներով, որոնց շնորհիվ ստացվում է զանգակի յուրահատուկ ու հաճելի հնչողությունը։

Այս հատկանիշները հիմք դարձան, որպեսզի Սարայանի զանգակագործությունը ճանաչվի որպես մշակութային արժեք ներկայացնող ավանդական հմտություն։

2013 թվականին Սարայանի զանգակագործության արվեստը պաշտոնապես ընդգրկվեց Իրանի ազգային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Այսօր այն ոչ միայն Հարավային Խորասանի ավանդական արհեստներից մեկն է, այլև մի յուրահատուկ մշակութային ժառանգություն, որի յուրաքանչյուր հնչյուն իր մեջ պահպանում է Սարայանի դարբինների սերունդների փորձը, անասնապահական կյանքի հիշողությունն ու Իրանի ավանդական արհեստագործության կենդանի շունչը։