Աշխարհի ամենահին թվագրված գորգը՝ Արդաբիլյան գորգը
«Արդաբիլի գորգը» ամբողջ աշխարհում մեծ հռչակ վայելող գորգի տեսակ է։ Հատկանշական է, որ այս գորգի կաղապարները փոխառվել են բազմաթիվ գորգ արտադրող ընկերությունների կողմից, և այսօր էլ Արդաբիլյան գորգի պատճենները սփռված են աշխարհով մեկ։ Այս պատճեններից մեկը զարդարում է «10 Դոունինգ սթրիթ»-ը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը։ Ասում են, որ Ա․ Հիտլերը Բեռլինի իր գրասենյակում նույնպես ուներ այս գորգից (Hillyer, Pretzel 2005), իսկ համաձայն մեկ այլ պատմության ամերիկացի-անգլիացի հայտնի բարեգործ Փոլ Գեթթին Արդաբիլի գորգը նվիրել է Լոս Անջելեսի արվեստի թանգարանին, քանի որ ինքն իրեն արժանի չէր համարում այս գորգի վրա ոտք դնել (Armstrong 2018; 14)։
Այսպիսով, ակամա հարց է ծագում, թե որն է Արդաբիլի գորգերի նմանօրինակ համբավի գաղտնիքը։
Սեֆյան Իրանը որպես գորգարվեստի եվ ջուլհակության գերտերություն
Մերձավոր Արևելքը և Միջին Ասիան գորգագործության հարուստ ավանդույթ ունեն։ Չնայած այստեղ հազարավոր տեսակի գորգեր են հյուսվել, այսուհանդերձ տարածաշրջանի թագն ու պարծանքը 16-17 դդ․ պարսկական գորգերն են՝ աչքի ընկնող նուրբ ոճով և ստեղծագործ մտքի կատարելությամբ։ Այս ժամանակահատվածը համապատասխանում է Իրանում Սեֆյան արքայատոհմի իշխանությանը։ Արվեստների ու արհեստների, մասնավորապես՝ ջուլհակության և գորգագործության զարգացումը կապվում է Սեֆյան արքաներ Թահմասպի և Աբբաս Ա-ի անվան հետ։ Մոտավոր հաշվարկով այս շրջանից մեզ է հասել թվով 1500 գորգ, ինչը բավական տպավորիչ է՝ հատկապես հաշվի առնելով, որ կտորը ինքնին զգայուն նյութ է՝ ենթակա բազմաթիվ բնական և արհեստածին գործոնների ազդեցությանը։ Սա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ Սեֆյան շրջանում հյուսված գորգերի թիվը անհամեմատ ավելի մեծ է եղել։ Մեզ հասած օրինակներից հիշարժան են՝
- Անհալթի Մեդալիոն գորգը (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)
- Ծաղկավոր արաբանախշը (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)
- Հյուսիսարևմտյան մեդալիոն գորգը (մի հատվածը Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)
- Ծառի գորգը (Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, ԱՄՆ)
- Որսորդության գորգը (Բոսթոնի կերպարվեստի թանգարան)
- «Կենդանիների կռիվ» գորգը (Գալուստ Գյուլբենկյան թանգարան, Լիսաբոն)
և այլն։
Հայտնի է, որ Սեֆյան արքայատոհմի ներկայացուցիչները շիայադավան էին, ինչը պայմանավորված էր ոչ թե հիմնադրի՝ Իսմայիլի անձի կրոնական զգացմունքներով, այլև նրա նախնիների՝ Ալի իբն Աբի Թալեբի և հատկապես 14-րդ․ դ․-ի սուֆի Շեյխ Սաֆի ադ-Դինի գաղափարներին խոհակից լինելու հանգամանքով։ Շեյխ Սաֆի ադ-Դինը, ում անունով էլ անվանակոչվել է արքայատոհմը, մահացել է 1334 թ․-ին և թաղվել Արդաբիլում։ Ի պատիվ նրա այստեղ հասկայական դամբարան է կառուցվել, որը ներառում է աղոթատեղի, գրադարան, մենաստան, մզկիթ և հարակից այլ կառույցներ։ Ահա այստեղից էլ գտնվել են Արդաբիլյան գորգի բնօրինակները։
Արդաբիլի գորգը՝ Շեյխ Սաֆի ալ-Դին Արդաբիլիի դամբարանի «խճապատկերի» կորած կտորը
Գորգերը, որոնցից սկիզբ է առնում այս պատումը, երկուսն են։ Փոլ Գեթթիի կողմից՝ Լոս Անջելեսի արվեստի թանգարանին նվիրաբերված գորգը, ինչպես նշվեց վերը, Արդաբիլյան գորգի փոքր տարբերակն է, որը նույնությամբ կրկնում է ավելի մեծ և հանրաճանաչ գորգը։ Վերջինս պահվում է Լոնդոնի Վիկտորիա և Ալբերտ Թանգարանում /նկար 1/ և ձեռք է բերվել թանգարանի կողմից 1893թ․-ին։ Թանգարանի կայքում տեղադրված պաշտոնական տեղեկատվության համաձայն գորգը առաջին անգամ նկատել են բրիտանացի այցելուները 1843թ․-ին, իսկ 30 տարի անց տեղի ունեցած երկրաշարժը պատճառ հանդիսացավ, որ գորգը վաճառվի Մանչեստերի ընկերությանը։ Սակայն, քանի որ պատմական աղբյուրներում 1873թ․ տեղի ունեցած երկրաշարժի մասին տեղեկատվություն առկա չէ, որոշների կարծիքով գորգի՝ Լոնդոնի թանգարանում հայտնվելը պայմանավորված էր ժամանակի եվրոպական շուկայում պարսկական հնությունների մեծ պահանջմունքով։ Ենթադրաբար, Շեյխ Սաֆիի դամբարանի այս աննման զարդը եղել է այն բազմաթիվ իրերից, որոնք տվյալ ժամանակահատվածում տեղափոխվել են Եվրոպա՝ հայտնվելով ամենատարբեր եվրոպական թանգարաններում։
«Արդաբիլի գորգի» գրությունը
Եթե դուք կարծում եք, որ Արդաբիլի գորգը միայն գորգագործության գլուխգործոց է՝ բաղկացած 25 միլիոն հանգույցից, երկկողմանի լամպերից (պարսկ․ ghandil), կենտրոնում ոսկեգույն մեդալիոնից (պարսկ․ gol-e šah- ‘Abbāsī) /նկար 2/` իր 16 կետերով և դրանք պարուրող սրակամարներով /նկար 3/, ապա դուք սխալվում եք։ Գորգի կարևորագույն գրավչություններից ու արժեքներից մեկը դրա վրա գրված արձանագրությունն է, որը պատկանում է ծառա Մաղսուդ Քաշանիին և որտեղ նշված է 946 տարեթիվը (ք․թ․ 1542թ․)։ Հիացմունք է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ արձանագրության հիմնական բավանդակությունը մի բեյթ է, որով սկսվում է Հաֆեզի դիվանի ղազալներից մեկը
պարսկերեն տառադարձված տեքստ
«Joz āstān-e to-am dar ǰahān panāh-ī nīst sar-e marā be-ǰoz īn dar ḥawāla-gāh-ī nīst ʿamal-e banda-ye dargāh Maqṣūd Kāšānī sana 946»
թարգմանություն
«Քո շեմից բացի ուրիշ ապաստան չկա ինձ համար այս աշխարհում: Գլուխս այս մուտքից բացի սիրտ ամոքելու այլ տեղ չունի։ Այս սուրբ վայրի ծառայի՝ Մաղսուդ Քաշանիի գործը 942 թ.»:
Աղբյուրներ՝
Armstrong D. (2018): Inventing the Ardabil Carpet: A Case Study in the Appropriation and Transformation of a Persian Artifact, Iran, DOI: 10.1080/05786967.2018.1547984
Beattie M. (2011). “Ardabīl carpet”: Encyclopaedia Iranica/ https://www.iranicaonline.org/articles/ardabil-carpet-persian-carpet-acquired-by-the-victoria-and-albert-museum-in-1893#prettyPhoto
Hillyer L, Pretzel B. (2005). “The Ardabil Carpet – a new perspective”: Conservation Journal, N. 49/ https://web.archive.org/web/20070207022148/http://www.vam.ac.uk/res_cons/conservation/journal/number_49/ardabil_carpet/index.html#ref_1
Անվանում | Աշխարհի ամենահին թվագրված գորգը՝ Արդաբիլյան գորգը |
Երկիր | Իրան |
Քաղաքներ |