Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը

Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը

Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը

Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը

Գորգագործությունն առանձնահատուկ և պատվավոր տեղ է զբաղեցնում իրանական մշակույթում։ Իրանի յուրաքանչյուր շրջանում՝ տեղի բնակչության ճաշակին, մշակույթին և աշխարհագրական առանձնահատկություններին համապատասխան, ձևավորվել են գորգագործության ինքնատիպ տեխնիկաներ, նախշեր և գունային լուծումներ։ Հենց այս բազմազանության շնորհիվ իրանական գորգը դարձել է երկրի ամենահարուստ և բազմադեմ արհեստներից մեկը։

Իրանի այն շրջաններից մեկը, որտեղ գորգագործությունն առանձնանում է սեփական ոճով և ավանդույթներով, Նահավանդն է։

Որտե՞ղ է գտնվում Նահավանդը

Նահավանդի շրջանը գտնվում է Համադան նահանգի հարավարևմտյան մասում և սահմանակից է Մալայերի, Թույսերքանի, Քերմանշահի և Բորուջերդի շրջաններին։

Քանի որ Նահավանդի ավանդական տնտեսությունը մեծապես հիմնված է եղել գյուղատնտեսության և անասնապահության վրա, տեղի բնակիչները հնուց զբաղվել են բրդագործությամբ, բնական եղանակներով ներկարարությամբ և գորգագործությամբ։

Այսօր Նահավանդի արհեստագործական արտադրանքի շարքում առաջին տեղն են զբաղեցնում դազգահային գործվածքները՝ գորգերն ու կարպետները։ Տարածաշրջանի մյուս հայտնի արհեստներից են ավանդական երաժշտական գործիքների պատրաստումը, որին նպաստում է որակյալ փայտանյութի առկայությունը, ինչպես նաև ձեռագործ թեթև կոշիկի (պարսկ․՝give) արտադրությունը։ Նահավանդյան «գիվեն» մեծ պահանջարկ ունի հատկապես հարևան Լոռեստան նահանգի բնակչության շրջանում։

Նահավանդի գորգի առանձնահատկությունները

Նահավանդի պատմությունը վկայում է, որ գորգագործությունն այս տարածքում դարավոր ավանդույթներ ունի։ Դեռևս հնագույն ժամանակներից նահավանդցի կանայք, առօրյա աշխատանքներին զուգահեռ, զբաղվել են նաև գորգագործությամբ։

Նախկինում Նահավանդի գորգերը հիմնականում օգտագործվում էին հենց տեղի բնակիչների տներում։ Դրանք կարևոր տեղ ունեին նաև հարսանեկան ավանդույթներում․ երբ նորահարսը տեղափոխվում էր ամուսնու տուն, ձեռագործ գորգը նրա օժիտի հիմնական և արժեքավոր մասերից մեկն էր։

Այսօր Նահավանդի գորգերը հիմնականում գործվում են գյուղերում։ Գորգերում օգտագործվող ամենահայտնի նախշը կոչվում է «Երեք ծաղիկ» կամ «Երեք գլուխ» և սովորաբար տեղադրվում է գորգի չորս կողմերում։ Այս նախշով գորգերի արտադրության կարևոր կենտրոններից են Նահավանդից արևելք գտնվող Օշվանդ և հարավում գտնվող Զարավին գյուղերը։

Նահավանդի գորգերում հանդիպող մյուս տարածված պատկերներից են ծաղիկների և բութաների համադրությունները, «սիրամարգի փետուր» նախշը, ծաղկեփնջերը, ինչպես նաև ծաղկամանի մեջ պատկերված սփռված ողկույզանման ծաղիկները։

Ընդհանուր առմամբ Նահավանդի գորգերն առանձնանում են խոշոր հանգույցներով և գյուղական գորգագործությանը բնորոշ պարզ ու արտահայտիչ ոճով։

Համադանի, Արաքի և Ղոմի ձեռագործ գորգերի հայտնի կենտրոններին մոտ գտնվելու շնորհիվ Նահավանդի գորգագործությունը որոշակիորեն կրել է այդ շրջանների գեղարվեստական ազդեցությունը։ Այնուամենայնիվ, Նահավանդի գորգը պահպանել է իր ինքնատիպությունն ու տեղական նկարագիրը։ Այդ պատճառով այստեղ գործված գորգերը հեշտությամբ կարելի է տարբերել հարակից շրջանների արտադրանքից։

Նահավանդի գորգի գույները

Նահավանդի գորգերին բնորոշ են նաև յուրահատուկ գունային համադրությունները։ Լայնորեն օգտագործվում է շագանակագույնի մի երանգ, որը տեղացիներն անվանում են «շոթորի», բառացիորեն՝ «ուղտագույն» (պարսկ․šotor`«ուղտ»)։ Բեժին մոտ մեկ այլ երանգ հայտնի է «չեհրեի» անվամբ։

Կիրառվում են նաև կարմիրի բազմաթիվ տեսակներ, որոնք կրում են տեղական անվանումներ՝ «դուղի», «լաքի ղերմեզդունե», «լաքի ռունասի», «լաքի գոլխարի» և այլն։

Նահավանդի գորգերի գունապնակում գերիշխում է կարմիրը։ Միաժամանակ մուգ և բաց կապույտի, դեղինի, իսկ երբեմն նաև կանաչի ու նարնջագույնի վառ երանգները գորգերին հաղորդում են առանձնահատուկ կենդանություն և արտահայտչականություն։

Նահավանդում գործված գորգերի մեծ մասի հիմնագույնը կարմիրն է, սակայն երբեմն որպես ֆոն օգտագործվում է նաև կապույտը։

Գորգագործության գործիքները

Գորգ գործելու հիմնական հարմարանքը կոչվում է դազգահ կամ "դար"։ Այն լինում է երկու տեսակի՝ հորիզոնական և ուղղահայաց։ Հորիզոնական դազգահներն առավելապես օգտագործվում են քոչվոր և կիսաքոչվոր համայնքների կողմից։

Ուղղահայաց դազգահները պատրաստվում են փայտից կամ մետաղից և ամրության համար հենվում պատին կամ սյանը։ Նահավանդում գորգագործության համար հիմնականում կիրառվում են հենց ուղղահայաց դազգահները։

Գորգագործության ընթացքում օգտագործվում են նաև մկրատ և հատուկ սանրաձև գործիք՝ դափթին։ Դաֆթինը ծառայում է միջնաթելերը սեղմելու, շարքերն ամրացնելու և գործվածքը հավասարեցնելու համար։

Դարավոր վարպետություն և ժամանակակից զարգացում

Նահավանդի գորգագործության հմտությունները դարեր շարունակ փոխանցվել են սերնդեսերունդ՝ ընտանիքի ավագներից երիտասարդներին։ Սակայն այսօր գործում են նաև մասնագիտացված ուսումնական կենտրոններ, որտեղ սովորեցնում են ոչ միայն ավանդական գորգագործության տեխնիկան, այլև արտադրանքի ժամանակակից ներկայացման, շուկայավարման և վաճառքի եղանակները։

Բացի այդ, ներկայումս Նահավանդում գործում են ընկերություններ, որոնք մասնագիտացած են գորգերի արտադրության և իրացման ոլորտում։ Այս զարգացումները նպաստել են, որ վերջին մեկ-երկու տասնամյակում Նահավանդի գորգերի արտահանումը նկատելիորեն աշխուժանա։

Նահավանդի գորգի գրանցումը Իրանի ազգային ժառանգության ցանկում

Տարածաշրջանում գործող մեծաթիվ արհեստավորներն ու գորգագործները, տեղական հումքի առկայությունը և Նահավանդի գորգերին բնորոշ յուրահատուկ նախշերը հիմք դարձան դրանց ազգային գրանցման գործընթացը սկսելու համար։

Արդյունքում 2019 թվականին Նահավանդի գորգը պաշտոնապես գրանցվեց Իրանի ազգային ժառանգության ցանկում՝ որպես երկրի գորգագործական արվեստի ինքնատիպ և արժեքավոր դրսևորում։

 

Նահավանդ, գորգագործություն, իրանական գորգ, ձեռագործ արվեստ, ավանդական արհեստներ, գորգի նախշեր, բնական ներկեր, Համադան, ազգային ժառանգություն, մշակութային ժառանգություն

 

Անվանում Նահավանդի գորգը․ Իրանի գորգագործական արվեստի ինքնատիպ ժառանգությունը
Երկիր Իրան
ԱշխատանքներKnitting, sewing and textile
RegistrationԱզգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: