Ղալամքարին՝ Սպահանի մշակութային ինքնության արտահայտություն
Ղալամքարին կտորը պատկերազարդելու իրանական արվեստի տեսակ է։ Բառը բաղակացած է երկու բաղադրիչներից՝ ղալամ՝ «գրիչ, վրձին» և քարի՝ «աշխատանք»․ այսպիսով բառացիորեն այն «վրձնով/գրիչով աշխատանք» է նշանակում։
Երբեմն ղալամքարին համադրվում է չթատպության հետ, որտեղ օգտագործվում են փայտյա կնիքներ՝ տարբեր տեսակի նախշեր ստանալու նպատակով։ Չթի վրա նկարազարդելու ավանդույթով հատկապես աչքի է ընկնում Սպահան քաղաքը։ Հատկանշական է, որ յուրաքանչյուր սպահանցու սփռոցը զարդարված է այս ոճի նախշերով։
Ղալամքարիի պատմությունը
Չնայած հայտնի չէ, թե Ղալամքարին հստակ երբ է ծագել, սակայն պատմական աղբյուրների համաձայն՝ գործվածքների վրա նախշապատկերներ ստեղծելու ավանույթն շուրջ երկու հազար տարվա վաղեմություն ունի։ Այս արվեստը տարածված է եղել Ինդոնեզիայում, Հնդկաստանում, Եգիպտոսում և Չինաստանում։ Հատկանշական է, որղալամքարիբառը հնդկերեն է մուտք գործել պարսկերենից։
Գոյություն ունեն որոշակի փաստեր, որոնք վկայում են, որ դրոշմակնիքային նկարչությունը Իրանում լայն գործածություն է ունեցել դեռևս սասանյան շրջանում (մ․թ․ 3-7-րդ դդ․)։ Երեք տեսակի կաղապար ունեցող դրոշմակնիքներ հայտնաբերվել են Նիշապուրի պեղումների ընթացքում, որոնք թվագրվում են մ․թ․ մոտ 11-րդ դարով։ Մասնագետների համաձայն ղալամքարին տարածված է եղել նաև Իլխանյանների ժամանակ (1256-1356թթ․), երբ արվեստի այս տեսակը վայելում էր մոնղոլների հովանավորությունը։ Այսուամենայնիվ, պահպանված ամենահին նմուշները պատկանում են ղազնավյան շրջանին (977-1187թթ․), ինչը փաստում է, որ ղալամքարիի արվեստը արդեն իսկ գոյություն է ունեցել իլխանյաններից առաջ։ Այս ամենով հանդերձ, ղալամքարին իր զարգացման գագաթնակետին է հասել միայն Սեֆյանների օրոք (1501-1736թթ․), երբ Սպահանը հիրավի դարձել էր այս արվեստի համաշխարհային կենտրոն։ Նմանատիպ վերելքը նաև պայմանավորված էր նրանով, որ անձամբ Շահ Աբբասը և պալատականները մեծ սեր և հետաքրքրություն ունեին այս արվեստի հանդեպ։ Այդ շրջանում արհեստավորները նաև օգտագործում էին շքեղ ակնեղեն և ոսկեզօծ գործվածքներ՝ բարձր խավի ներկայացուցիչների համար հագուստ կարելու նպատակով։ Սեֆյաններից հետո ղալամքարին որոշակի անկում է ապրում, ինչը նկատելի է հատկապես Ղաջարների ժամանակ։
Ղալամքարին ժամանակակից Իրանում
Թեև ղալամքարին տարածված է եղել նաև հասարակ ժողովրդի շրջանում, սակայն հումքի բարձր արժեքը ժամանակի ընթացքում սահմանափակել է լայն կիրառությունը։ Առաջին փուլում ի հայտ է եկել ղալամքարիի և չթատպության համակցված տպագրություն, սակայն հետզհետե փայտյա կամ պլաստմասե կաղապարների գործածությունը սկսեց փոխարինել ձեռագործ աշխատանքը։ Այսօր նույնպես կաղապարները լայնորեն գործածվում են նկարազարդման համար, և ղալամքարին կրկին հաջողել է դառնալ ժողովրդի կողմից սիրված արվեստատեսակ։
Անկասկած, ի համեմատ տպագիր ղալամքարիի, ձեռքի աշխատանքը շատ ավելի բարդ է, և սովորաբար, նմանատիպ նմուշների արժեքը անհամեմատ ավելի բարձր է և դուրս է մրցակցությունից։ Այդ պատճառով այս ուղղությունը ներկայացնող մասնագետների քանակը շատ փոքր է։
Ղալամքարիի առանձնահատկությունները
Ձեռարվեստի այս ճյուղը ներառում է կենդանիների, ծաղիկների և թփերի նախշեր, գեղագրության տարրեր և մանրանկարչություն։ Հիմնականում որպես կտոր է օգտագործվում բամբակը, քանի որ այն ավելի լավ է կլանում ներկը։ Ներկերը ունեն բուսական, կենդանական կամ հանքային ծագում, իսկ դրոշմակնիքները պատրաստվում են ընկուզենու, տանձենու և ծիրանենու փայտից։ Ներկայումս ղալամքարին հանդիպում է սփռոցների, մահճակալների ծածկոցների և աղոթքի գորգերի վրա։
Ղալամքարի արվեստի պետական գրանցումը
Ղալամքարին որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցվել է Իրանի մշակութային ժառանգության ցանկում 2009թ․ 65 համարի տակ։ Չթատպությունը իր հերթին գրանցվել է 2012թ․ 770 համարի տակ։
| Անվանում | Ղալամքարին՝ Սպահանի մշակութային ինքնության արտահայտություն |
| Երկիր | Իրան |
| Քաղաքներ | |
| Աշխատանքներ | Wool, skin and leather |
| Registration | Ազգային |







