Թեհրանի հայկական փողոցները
Թեհրանի հայկական հետքը
ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը ներկայացնում է «Իսլամական մեծ հանրագիտարանի» «հայկական փողոցներ և նրբանցքներ» բառարանային հոդվածի հայերեն թարգմանությունը։
Հայկական փողոցներ և նրբանցքներ (xiyābān va(o) kūče-ye arāmane)
Այսպես են բնորոշվում Թեհրանի մի շարք փողոցներ և նրբանցքներ, որոնք հայերի՝ այստեղ բնակվելու հանգամանքով պայմանավորված այս անվանումն են ստացել։
Հայերի ներկայությունը Թեհրանում սկսվում է Քարիմ Խան Զանդի շրջանից։ Պահպանված վաղագույն սկզբնաղբյուրների համաձայն հայերը Թեհրանում բնակություն են հաստատել 1745 թ. սկսած (Հովուեան 1380։ 15-16)։ Այդ ժամանակ քանդակագործների և ոսկերիչների մի շարք հայ ընտանիքներ Սպահանի Նոր Ջուղա թաղամասից հրավիրվեցին Թեհրան և բնակություն հաստատեցին Թեհրանի հարավ-արևելքում գտնվող Դուլաբ գյուղում՝ Շահթահմասպյան պարիսպներից դուրս։ 18-րդ․ դարի վերջին Ղարաբաղից Թեհրան տեղափոխվեց մի քանի ընտանիք, որը Թիֆլիսից այստեղ եկած 2 ընտանիքի հետ միասին բնակություն հաստատեց Դարվազե-Ղազվին թաղամասում և այստեղ կառուցեց մի փոքրիկ եկեղեցի։ Ֆաթհ Ալի շահի օրոք հայերի թիվը Թեհրանում կտրուկ ավելացավ, և նորաբնակների գերակշիռ մասը նույն թաղամասում հաստատվեց։ Հետագայում՝ 1884թ․, հին եկեղեցու տեղում կառուցվեց Սուրբ Գևորգ եկեղեցին։
«Կրիժիշի[1] քարտեզի» համաձայն, Թեհրանի հին պարիսպների ներսում «հայերի փողոց» անվամբ երկու վայր է եղել։ Առաջինը տեղակայված էր Դարվազե-Աբդոլազիմի մոտ՝ շուկայի թաղամասի հարավում՝ Ղարիբան նրբանցքից ներքև։ Փողոցը վերանվանվել է և այսօր «Շահիդ Մուսավի» է կոչվում, սակայն դեռ պահպանում է «հայերի փողոց» ավանդական անունը։ Այստեղ է գտնվում եկեղեցին, որը տեղացիների շրջանում «Թավուս» անվամբ է հայտնի։
Երկրորդ տեղանքը, որ «հայերի փողոց» է կոչվել, գտնվում էր Դարվազե-Ղազվինի մոտ (նախկին Շապուրի հրապարակ, այժմ՝ Վահդաթ-է Էսլամի)։ Այստեղ Հաջ Թարխանի շուկային հարող Ղոլի նրբուղին, որը հատվում է «հյուսիս-հարավ» փողոցին, Նասր ալ-Դին շահի շրջանում հենց «հայկական փողոց» անվամբ էր հայտնի։ Փահլավիների շրջանում փողոցը վերանվանվեց «Քիլիսա» կամ «Քիլիսիա» և այժմ «Մաղֆուրի» է կոչվում։
Նաջմոդդոլայի քարտեզում (1892 թ.) Նասերի փողոցում (Նասեր Խոսրո), Շամսոլօմարեի դիմաց՝ Ջելոխանից վերև գտնվող փողոցը հայտնի էր «հայկական» անվամբ (այժմյան անվանումը՝ «Հաջի Նայեբ»)։
Թեհրանում հայաբնակ թաղամասերը ընդլայնվեցին Նասր ալ-Դին Շահի օրոք, երբ 1905թ․ քանդվեց Շահթամասպյան պարիսպը։ Դարվազե-Ղազվինի թաղամասը՝ ձգվող Դարվազե-Ղազվինից (ներկայիս Վահդաթ-է Էսլամի հրապարակ) մինչև նոր Դարվազե-Ղազվին (ներկայիս Ղազվինի հրապարակ) և Դարվազե-Գոմրոք (այժմ՝ Ռազի), մտնում էր խոշոր Սանգլաջ թաղամասի մեջ։
Բացի այդ, Նաջմոդդոլայի կազմած Թեհրանի քարտեզում՝ Թեհրանի պարիսպների ընդլայնմանը զուգահեռ, կառուցվեց Դարվազե-Ղազվինի հին դարպասից դեպի արևմուտք ձգվող երկու փողոց։ Դրանցից մեկը տանում էր դեպի հարավ՝ «Ջանաթ-է Գոլշան» կոչվող այգի և հասնում էր նոր պարսպին։ Այս փողոցը ներկայումս «Ալիռեզա Ֆորուզեշի» է կոչվում և ձգվում է Վահդաթ-է Էսլամի հրապարակից մինչև Վալիասրի փողոցի խաչմերուկը։ Մյուս փողոցը, որը պարսպից արևմուտք էր տանում, այժմ կոչվում է Շեյխ Բահայիի փողոց։ Հայերի մի շարք տներ գտնվում էին այս երկու փողոցների և Մոթիոդդոլայի նրբանցքի միջև ընկած հատվածում։ Նաջմոդդոլայի քարտեզում այն հիշատակվում է որպես «Հայերի և մահմեդականների գյուղացիական տներ»։
Մի փոքր բարձրադիր հատվածում՝ հին Դարվազե- Ղազվինից արևմուտք, գտնվում էր մի փողոց, որը տանում էր դեպի նոր Ղազվինի դարպաս (ներկայիս Ղազվինի հրապարակ)։ Նաջմոդդոլայի քարտեզում այն նշված է որպես «Դարվազե-Ղազվինի փողոց»։ Այս փողոցը, որն այժմ կոչվում է Շահիդ սարգորդ Ալիաքբար Բեշիրի, ղաջարական դարաշրջանի վերջում հայտնի էր որպես «հայերի փողոց» և պահպանել է իր այս անվանումը մինչև Փահլավիների շրջանի ավարտը։ 1937-1944 թթ․ փողոցի արևմտյան հատվածը կոչվեց Բուալի, իսկ 1960-ականներից սկսած վերանվանվեց «Սարե-Փոլ Ամիրբահադոր»։ Մոզաֆֆարեդդին Շահի ժամանակի մեծամեծներից մեկի՝ Ամիրբահադորի պալատը, որը այստեղ էր գտնվում, այժմ ծառայում է որպես Մշակութային արժեքների ու ժառանգության կազմակերպության շինություն։
Հատկանշական է, որ նույն տարածքում՝ Ֆարհանգ փողոցի խաչմերուկից մի փոքր ներքև, գտնվում էր հայերի մեկ այլ բնակելի թաղամաս։ Նաջմոդդոլայի քարտեզում այն տեղադրված է Ջանաթ այգուց արևմուտք։ Բացի այդ, «Դարոլխիլաֆէ-յե Թեհրան»-ի վիճակագրական մատյանում հիշատակվում է հայական գերեզմանոցը, որը գտնվում էր նորակառույց փողոցի վրա՝ Ջանաթ այգու ետնամասում։
Այս թաղամասում կարևորագույն հայկական կառույցներից էր Հայկազյան դպրոցը, որը հիմնադրվել է 1880 թ․։ Դպրոցի հարևանությամբ հետագայում կառուցվեց թատերական դահլիճ, որը իրականում Թեհրան քաղաքի առաջին թատրոնն էր։
Ղաջարների շրջանում մի շարք դպրոցներ նույնպես տեղակայված էին հայերի փողոցում։ Դրանցից մեկն էր Սեն Ժոզեֆ դպրոցը, որը հիմնադրվել էր 1887 թ․ ֆրանսիացի կաթոլիկ միսիոներների կողմից։ Սկզբում այն նախատեսված էր միայն աղջիկների տարրական կրթության համար, սակայն ավելի ուշ ընդունվեցին նաև տղաներ։
Մինչև 1968 թ․ Թեհրանի մարդաբանական թանգարանը տեղակայված էր հայկական թաղամասում ՝ Մոխթար ալ-Սալթանե առանձնատանը (Փահլավիների շրջանի առաջին ոստիկանապետ Ռոքն ալ-Դին Մոխթարիի հոր առանձնատունը)։ Հետագայում թանգարանը տեղափոխվեց Գոլեսթանի պալատի հարավային մասում գտնվող Աբյազ պալատ։
Հետաքրքրական է, որ Թեհրանում այսօր էլ կա մի փողոց, որը «հայերի տասմետրանոց փողոց» (dah metrī arāmane) է կոչվում։ Այն տեղակայված է Խաջե Նիզամ ալ-Մուլքի թաղամասում՝ Գորգանի հրապարակից հյուսիս։ Այստեղ են գտնվում Սրբոց Վարդանանց եկեղեցին և Սահակյան դպրոցը՝ կառուցված հայ բարերարի հովանավորությամբ։ Վերջին տասնամյակներում այս թաղամասում բնակվող հայերի մեծ մասը տեղափոխվել է այլ թաղամասեր (Մաջիդիե, Զարքեշ և այլն)։
[1] Աուգուստ Կարլ Կրժիժը (չեխ․ August Karel Kříž)՝ Ղաջարական Իրանում հայտնի որպես Մուսյո Կրշիշ, Ավստրիայի կայսրությունից հրավիրյալ չեխ դասախոս, ով Դար ալ-Ֆոնունում հրետանագիություն, երկրաչափություն, մաթեմատիկա, աշխարհագրություն և ռազմարվեստ էր դասավանդում։
| Անվանում | Թեհրանի հայկական փողոցները |
| Երկիր | Իրան |
| Նահանգ | Թեհրան |
| Քաղաք | Թեհրան |
| Պատմական | |
| Վեբ կայք | https://www.cgie.org.ir/fa/article/272196/%D8%A7%D8%B1%D8%A7%D9%85%D9%86%D9%87%D8%8C-%D8%AE%DB%8C%D8%A7%D8%A8%D8%A7%D9%86-%D9%88 |


 (1)_1.jpg)


 (1)_1.jpg)