
Դարաբը և նրա տեսարժան վայրերը
Դարաբ քաղաքը գտնվում է Ֆարս նահանգի արևելյան հատվածում՝ Շիրազ քաղաքից 245 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Այստեղ մեծամասամբ տարածված են ցիտրուսային մշակաբույսերը՝ հատկապես նարինջը։
Պատմական տեսանկյունից առավել կարևոր է այն հանգամանքը, որ Դարաբի շրջակայքում է տեղակայված հնագույն Դարաբգերդ քաղաքը։
Դարաբի տեսարժան վայրերը
Նախաիսլամական շրջանի տեսարժան վայրեր
Շապուհի բարձրաքանդակն ու Դարաբգերդ պատմական քաղաքը Դարաբի ամենակարևոր հնագիտական հուշարձաններն են։ Մյուս նշանակալի կառույցն է Ազարախշի կրակարանը, որը, քանդակված լինելով լեռան մեջ, զրադաշտական ամենակարևոր աղոթավայրերից մեկն է եղել։ Այս կրակարանի մոտակայքում կա քարից պատրաստված ջրաղաց, որը բաղկացած է երկու խոշոր գլանաձև քարերից։ Հնագետների կարծիքով լեռան գագաթին տեղադրված այս ջրաղացի ճարտարապետությունը պատկանում է Սասանյան դարաշրջանին (224–651 թթ.)։ Ջրաղացի արևմտյան կողմում կա քուֆիական գրով արձանագրություն, որը պատմում է Աթաբեկների ժամանակաշրջանում (1174-1597թթ․) դրա վերանորոգման մասին։ Հայտնի է, որ ջրաղացը վերանորոգվել է նաև Ղաջարական հարստության տիրապետության շրջանում (19-րդ դար) և օգտագործվել Նասեր ադ-Դինի կառավարման ժամանակ (1848–1896թթ․)։
Դարաբի պատմական կառույցներից մեկն է նաև Ազարջու կրակարանը, որը ավանդության համաձայն կառուցվել է դեռևս Դարաբգերդ քաղաքից շատ առաջ Զրադաշտի հրամանով։
Իսլամական շրջանի հուշարձաններ
Իսլամական դարաշրջանի հուշարձանների շարքում հիշատակության է արժանի Դարաբ քաղաքի մզկիթը, որը ունի 4 մինարեթ, և չնայած այն մի քանի անգամ վերանորոգվել է, շինության հնագույն հատվածները ունեն առավել քան 700 տարվա հնություն։
Դարաբի տեսարժան վայրերը
Դարաբի շրջակայքում գտնվող ամենագրավիչ վայրերից մեկը Լայզանգան գյուղն է։ Այս գյուղը հայտնի է որպես «մոհամմադյան վարդի»՝ Դամասկոսի մասրենու երկիր և ողջ Իրանում այս վարդատեսակի աճեցմամբ զբաղվող խոշորագույն բնակավայրն է։ Բարձր դիրքի շնորհիվ գյուղի ճարտարապետությունը աչքի է ընկնում տերասաձև բնույթով։ Այստեղ կան բազմաթիվ աղբյուրներ և զբոսաշրջիկների ուշադրությունը գրավող քարանձավներ (Փիր Շեյխ Ալի, Լայ Սենե, Մադանգահ և այլն)։
Գոլաբիի ջրաղբյուրը, որը Դարաբից 17 կմ․ հեռավորության վրա է գտնվում, Իրանի ամենաջրառատ աղբյուրներից մեկն է համարվում։ Այն ունի քաղցրահամ ջրի երեք վտակ, և ասում են, որ այդպես է կոչվել այն պատճառով, որ ուղեծիրը նման է տանձի (գոլաբը պարսկերեն «տանձ» է նշանակում)։
Ֆարս նահանգի գեղատեսիլ վայրերի ցանկում իր արժանի տեղն է գրավում նաև Դարաբի Ռաղզ կիճը։ Այն գտնվում է Ֆասարուդ գետի շրջանում՝ Դարաբից 30 կմ․ հյուսիս-արևմուտք՝ Ռաղզ գյուղի մոտակայքում։ Անտառի սրտից բխող ջրից գոյանում է թվով 64 ջրվեժ և 100 բնական ջրավազան, որոնցից միայն հարավային հատվածի 14 ջրվեժն ու ջրավազանն են, որ հասանելի են զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին։ Ջրի մնացած աղբյուրները գաղտուկ և մարդկանց համար անհասանելի վայրերում են գտնվում։
Դարաբի բնական գոհարներից է նաև Չեք-Չեք կիրճը (բառացի՝ «կաթկթոց») որը ունի 20կմ․ երկարություն, և որոշ մասնագետների համոզմամբ, անցյալում Դարաբը Բանդար Աբբասին կապող հնագույն ճանապարհներից մեկն է եղել։
Կիրճում է տեղակայված հնագիտական համալիրը՝ բաղկացած քառակամար գմբեթավոր շինությունից, որը հայտնի է «Այինե» պալատ անվամբ։ Կառույցը ունի մեկ մուտք արևելյան կողմից, իսկ ներսում կան բազմաթիվ խորշեր, որոնք վկայում են հավանական կրոնական նշանակության մասին։ Կիրճի հյուսիսային բարձունքում է տեղակայված նաև քարաշեն դիտակետային աշտարակը։
Անվանում | Դարաբը և նրա տեսարժան վայրերը |
Երկիր | Իրան |
Նահանգ | Ֆարս |
Քաղաք | Դարաբ |
Պատմական,Natural | |
Registration | No registration |





