ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՄԵԿ ԱՄԻՍ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ՄԵԿ ԱՄԻՍ ԻՐԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ» ԳՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագծի ամփոփման հանդիսավոր արարողությունը:
Ողջունելով ներկաներին՝ Վ. Ոսկանյանը նշեց, որ հենց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնն է այն վայրը, որտեղ պետք է ամփոփվի նմանատիպ կարևորագույն գիտական-գրական միջոցառումը. «Ես պարբերաբար շեշտում եմ, որ հենց մշակութային գիտական համագործակցության դաշտն է ստեղծում պատեհ հնարավորություն՝ զարգացնելու Հայաստանի և Իրանի հազարամյա պատմություն ունեցող քաղաքական հարաբերությունները, և ըստ էության, մեր ամբիոնն է ապահովում այն մթնոլորտը, որտեղ այդ հարաբերությունները կարող են էլ ավելի զարգանալ»:
Իրանագիտության ամբիոնի վարիչը հավելեց, որ զեկուցումներով հանդես են գալու ամբիոնի դասախոսներ, ինչպես նաև ուսանողներ՝ անդրադառնալով Իրանի ժամանակակից գրականության այնպիսի ներկայացուցիչների, ինչպիսիք են Նիմա Յուշիջն ու նրա հիմնած գրական ավանդույթների լավագույն շարունակող Ահմադ Շամլուն:
Մեզ հետ զրույցում Վ. Ոսկանյանը նշեց, որ ուշագրավ է այն փաստը, որ այս երկու հեղինակներն էլ հաճախ են անդրադարձել Իրանում ապրող հայերին և նրանց վարած հայկական կյանքին, ինչը շատ կարևոր է նաև հայաստանցի ունկնդրի համար:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային, շնորհակալություն հայտնելով ներկաներին, փաստեց, որ յուրաքանչյուր երկրի ժամանակակից գրականություն տվյալ հասարակության հայելին է, և կարդալով այդ գործերը` մարդիկ ծանոթանում են տեղի ունեցող գործընթացներին. «Անձամբ ինձ շատ է ոգևորում այն, որ հայ հասարակությունը քաջատեղյակ է ժամանակակից իրանական գրականությանը, հատկապես պոեզիային»:
Խորհրդականը շեշտեց, որ «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ» գրական նախագծի շրջանակում կազմակերպվել և իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ, շնորհանդեսներ և գրական քննարկումներ, ամենայն հավանականությամբ նմանատիպ նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ նաև ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի կողմից անցկացվող ասմունքի մրցույթի ամփոփման արարողությունը, և մասնակիցներին տրվեցին պատվոգրեր:
Գրել Ձեր մեկնաբանությունը.