Ֆին այգու ճարտարապետությունը

Ֆին այգու ճարտարապետությունը

Ֆին այգու ճարտարապետությունը

Ճարտարապետությունը յուրաքանչյուր քաղաքակրթության արտաքին դրսևորումներից մեկն է, որի խորքում կարելի է տեսնել տարբեր ժողովուրդների կրոնահավատալիքային պատկերացումների, ծիսահամակարգերի և ստեղծագործական հնարքների արմատները։ Պատմության ընթացքում ճարտարապետները, մարդկային պահանջմունքներն արտացոլող շինություններ նախագծելով և կառուցելով, կարողացել են զարգացնել իրենց գիտելիքը՝ հետզհետե հմտանալով շրջակա տարածքի ձևավորման, ինչպես նաև շինանյութերի ու գործիքների կիրառման մեջ։ Այսպիսով, աշխարհի բոլոր կողմերում ճարտարապետությունն այնպիսի դրսևորումներ է ստանում, որոնք ներհատուկ են տվյալ երկրի հողամշակման, կլիմայական պայմանների և մշակութային առանձնահատկություններին։ Այս միտքը ճշմարիտ է նաև իրանական ճարտարապետության մասին խոսելիս։ «Իրանական պարտեզային ճարտարապետությունը», որն իր եզակի ոճի շնորհիվ համարվել է իրանցիների՝ բնության հանդեպ սիրո խորհրդանիշն  ու առհավատչյան, իր ուրույն տեղն է գրավում ժողովուրդների պատմամշակութային ժառանգության փառատաճարում։ Բավական է հիշատակել, որ իրանական մի շարք այգիներ գրանցվել են համաշխարհային ժառանգության ցուցակում։ Ահա այդ կառույցներից մեկն է նաև «Ֆին» կոչվող այգին, որը իրանցիների շրջանում անքակտելիորեն կապված է 19-րդ դարի նշանավոր և բարեհամբավ պետական գործիչներից մեկի անվան հետ։

 

Որտե՞ղ է գտնվում Ֆին այգին

Ֆին այգին՝ հայտնի նաև Bāγ-e Šāh-e Kāšān (թարգմ․ «Քաշանի շահի այգի») և Bāγ-e Šāh-e Fīn (թարգմ․ «Ֆինի շահի այգի») Քաշան քաղաքի խորհրդանիշներից մեկն է համարվում և տեղակայված է քաղաքից մոտ 6կմ հեռավորության վրա։ Հատկանշական է, որ Քաշանը, գտնվելով Քարքաս լեռնաշղթայի և Իրանի կենտրոնական անապատային շրջանների միջև, այս աշխարհագրական դիրքի շնորհիվ դամասկոսյան վարդի աճեցման համար լավագույն վայրն է համարվում։ Հայտնի է, որ իրանական լավագույն վարդաջուրը պատրաստվում է հենց Քաշանում։

 

Այգու պատմությունը

Մասնագետների կարծիքով Ֆին այգին հիմնադրվել է Սեֆյան ժամանակաշրջանում (XVI դար), սակայն փորձագետների մեկ այլ խումբ հակված է կարծել, որ այն կարող է թվագրվել ավելի վաղ ժամանակաշրջանով։ Այնուամենայնիվ, կասկած չի հարուցում այն իրողությունը, որ 1572 թ․ Քաշանում հսկայական ավերածությունների պատճառ դարձած հուժկու երկրաշարժը չշրջանցեց նաև այգին։ Պատմական աղբյուրների համաձայն այս դեպքերին հաջորդած շրջանում այն ժողովրդի մեջ հայտնի դարձավ «Հին այգի» անվամբ։ Սակայն որոշ ժամանակ անց Շահ Աբբասի օրոք այգին վերանորոգվեց և վերանվանվեց «Նոր այգի»։

 

Ֆին այգու պալատը՝ Ամիր Քաբիրի վերջին ապաստանը


Ամիր Քաբիրը Նասր ալ-Դին շահի առաջին նախարարն էր և այս պաշտոնը զբաղեցրել է մոտ 3 տարի։ Չնայած կարճաժամկետ պաշտոնավարմանը, նրա իրականացրած բարեփոխումները այնքան ընդարձակ և ազդեցիկ էին, որ նրան հիշատակում են որպես իրանական պատմության մեծագույն դեմքերից մեկը։ Պաշտոնավարման վերջին տարում Ամիր Քաբիրը թագավորի շրջապատի և օտար տերությունների կողմից կազմակերպված դավադրությունների արդյունքում արժանացավ շահի հանդիմանությանը և արդյունքում աքսորվեց Քաշան, որտեղ էլ 1852թ․ կնքեց իր մահկանացուն Ֆին այգու բաղնիքում։ Նասր ալ-Դին շահը հետագայում բազմիցս զղջացել է իր այս քայլի համար, սակայն այդ ծանր հարվածը՝ թե՛ իրեն, թե՛ իրանական պատմությանը և պետականությանը, այլևս հնարավոր չէր շտկել։

 

Ֆին այգու ճարտարապետությունն ու առանձնահատկությունները


Իրանում կան բազմաթիվ վայրեր, որոնք «Ֆին» անունն են կրում։ Կարծիք կա, որ «Ֆին» բառը կիրառվել է այն վայրերի համար, որոնք աչքի էին ընկնում ջրային պաշարների առատությամբ։ Այգու ստեղծումը ներկայիս վայրում նույնպես պայմանավորված էր ստորգետնյա հարուստ ջրային աղբյուրներով։ Մինչև այսօր էլ այգում և նրա շրջակայքում հոսում է ջրանցք, որը սկիզբ է առնում «Չեշմե-յե Սոլեյմանիե» կոչվող աղբյուրից։ Գոյություն ունեն կարծիքներ, որ այգու նախագծողը կարող էր լինել հռչակավոր մաթեմատիկոս Ղիաս ադ-Դին Ջամշիդ Քաշանին (XIV–XV դդ.) կամ ճարտարապետության մեծ վարպետ Շեյխ Բահային (XVI–XVII դդ.)։ Այգու բակում կան թվով ավելի քան 500 ծառեր, որոնցից որոշների տարիքը գնահատվում է ավելի քան 450 տարի։ Այգու եզակի գեղեցկություններից է մեծ ավազանը՝ փիրուզագույն սալիկներով, իսկ ետնամասում է գտնվում փոքր լճակը, որի ջուրը կավե խողովակներով տեղափոխվում է այգի՝ շատրվանները սնուցելու համար։

 

Ֆին այգու ազգային և համաշխարհային գրանցումը

Ֆին այգին 1935 թ․-ին ընդգրկվել է Իրանի ազգային ժառանգության ցուցակում։ Կառույցը տեղ է գտել այն 9 այգիների մեջ, որոնք 2011 թ․-ին «Իրանական այգի» ընդհանուր անվան տակ ընդգրկվեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

 

Անվանում Ֆին այգու ճարտարապետությունը
Երկիր Իրան
ՆահանգՍպահան
ՔաղաքՔաշան
Պատմական
RegistrationUnesco,Ազգային

«Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպությունը» (պարսկ.՝ سازمان فرهنگ و ارتباطات اسلامی) հիմնադրվել է 1995 թ.-ին՝ Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի մի խումբ պատասխանատուների առաջարկի հիման վրա և Գերագույն հոգևոր առաջնորդի հաստատմամբ՝ մշակութային գործունեության կառավարումը կենտրոնացնելու և միասնական քաղաքականության մշակման, գործունեության համակարգման, երկրից դուրս մշակույթի տարածման, ներկայացման ու հանրայնացման, ինչպես նաև առկա նյութական և հոգևոր հնարավորությունների արդյունավետ օգտագործման, պետական և հասարակական ինստիտուտների, հաստատությունների համախմբման նպատակով, որոնք մշակութային գործունեություն են ծավալում երկրի սահմաններից դուրս:[Ավելին]

Մուտքագրել տեքստը և սեղմել Enter

Տառատեսակի չափի փոփոխություն:

Փոխել միջբառային հեռավորությունը:

Փոխել տողի բարձրությունը:

: