Պապիե Մաշե․ ավանդույթի շունչը ժամանակակից ձևով
«Պապիե մաշե» արտահայտությունը պարսկերեն է մուտք գործել ֆրանսերենից (papier mâché) և թարգմանաբար «ծամված թուղթ» է նշանակում։
Ի՞նչ է պապիե մաշեն
Իրանում պապիե մաշեն ձեռարվեստի տարածված տեսակներից է։ Այն պատրաստվում է մանրացված և խմորացված թղթից, որին հավելում են կտոր, սոսինձ կամ այլ նյութեր՝ ստեղծելով տարբեր տեսակի կաղապարներ և տարաներ։ Նշենք, որ այսօր որպես հումք են օգտագործվում գլխավորապես հին թերթերը և թղթի թափոնները։ Սկզբից թուղթը մանրացնում և թրջում են՝ ստանալով թղթի խմոր, այնուհետև այն խառնում են սերիշին (բուսական ծագման սոսինձի տեսակ) և ստացված խառնուրդը ճնշման տակ սեղմելով՝ անհրաժեշտ ձև են հաղորդում դրան։ Հաջորդ փուլում ստացված հումքը տարածում են մետաղալարից կամ հաստ ստվարաթղթից պատրաստված կաղապարի վրա և թողնում են այն մի քանի օր չորալու։ Չորանալուց հետո քսում են ներկը․ սովորաբար նախ ներկապատում են 2-3 շերտ սպիտակ ներկով, իսկ վերջում տարածում են հիմնական գույները։
Պատմական ակնարկ
Մասնագետների կարծիքով չնայած «պապիե մաշեն» ինքնին ֆրանսերեն բառ է, սակայն բուն հմտությունը առաջացել է թղթի հայտնագործման հայրենիքում՝ Չինաստանում։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ձեռարվեստի այս տեսակի տարածման համար մեծ խթան են հանդիսացել 8-րդ դարում Իրանի և Չինաստանի միջև տեղի ունեցած պատերազմները, իսկ այնուհետև առևտրական ճանապարհներով այն հասել է Մարոկկո, Իսպանիա, Ֆրանսիա և Եվրոպայի այլ երկրներ։ Այլ տեսակետի համաձայն «պապիե մաշեն» Իրան և Հնդկաստան է հասել վենետիկցի արհեստավորների միջոցով, ովքեր այն սովորել են կրկին Արևելքի հետ առևտրային փոխանակումների արդյունքում։
Ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրներում պապիե մաշեն օգտագործվում է թղթից արձանների պատրաստման համար։ Այն կիրառվում է նաև տան, սեղանի և կահույքի դեկորատիվ ձևավորման մեջ։
Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պապիե մաշեով վառելիք պահելու համար նախատեսված տարաներ էին նախագծվում։ Այդ տարաները տեղադրվում էին ինքնաթիռների վրա, և դրանց թեթևության շնորհիվ ինքնաթիռներն ունենում էին երկարատև թռիչքի հնարավորություն և մեծ շարժունակություն։
Պապիե մաշեն Իրանում
Իրանում արվեստի այս տեսակը տարածում է գտել 16-րդ դարում՝ սեֆյան տիրակալ Շահ Թահմասպի օրոք (1514–1576 թթ.)։ Հիմնական կենտրոններն էին Ղազվին և Սպահան քաղաքները, որոնցից առաջինը հայտնի էր պապիե մաշեով պատրաստված գրչատուփերով։
Այսուամենայնիվ, որոշ պատմաբանների կարծիքով Իրանում արվեստը սկիզբ է առել դեռևս թեմուրյան ժամանակաշրջանում (1370–1506 թթ.)՝ Հերաթ քաղաքից։ Ասում են, որ այն Իրան է բերել 14-րդ դարի բանաստեղծ և միստիկ Միրսեյեդ Ալի Համադանին, ով հաճախ էր ճանապարհորդում այլ երկրներ՝ մարդկանց իսլամական փիլիսոփայությանը ու գաղափարներին ծանոթացնելու նպատակով։
Հատկանշական է, որ այս դարաշրջանում աննախադեպ զարգացում է ապրում նաև գեղագրությունը, ինչը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ պապիե մաշեն իդեալական հումք էր թանաքամաններ պատրաստելու համար և այդպիսով գեղագրությունը լայն զանգվածներին հասանելի դարձնելու գործում։
Ժամանակակից Իրանում պապիե մաշեն գործածվում է արվեստի ամենատարբեր ճյուղերում։ Այս տեխնիկայով են պատրաստվում թանաքամաններ, Ղուրանի շրջանակներ․ այն օժանդակ գործիք է լաքային գեղանկարչության (իրանում հայտնի որպես «ծաղկի ու թռչնի նկարչություն»), մանրանկարչության, գրքի կազմի ձևավորման մեջ և այլուր։
Այսպիսով, պապիե մաշեն այս տեսակը մեծ բազմազանություն է հաղորդել իրանական արվեստին։
| Անվանում | Պապիե Մաշե․ ավանդույթի շունչը ժամանակակից ձևով |
| Երկիր | Իրան |
| Քաղաքներ | |
| Աշխատանքներ | Other |
| Registration | Ազգային |



