Յազդի սուրճը՝ համ, որ բխում է Յազդի սրտից
Սուրճը՝ որպես Յազդի մշակույթի մաս
Սուրճը սիրված ըմպելիք է ողջ աշխարհում, սակայն հայտնի է, որ Իրանում թեյի սիրահարները սուրճի սիրահարներից անհամեմատ ավելի շատ են։ Այսուամենայնիվ, Իրանի որոշ շրջաններում սրճախմությունը առավել հզոր դիրքեր ունի։ Ահա այսպիսի վայրերից է Յազդ քաղաքը, որտեղ սուրճ պատրաստելը յուրահատուկ ավանդույթային և արարողակարգային ուժ է ստացել։
Սուրճը Յազդում
Ամենայն հավանականությամբ, Յազդ քաղաքում սուրճը տարածում է գտել Ղաջարների ժամանակաշրջանում (19-րդ դար), թեև ոմանք այն վերագրում են ավելի վաղ շրջանին։ Թվում է, թե Յազդի բնակիչները սկզբում չէին հավանում սուրճի բնական դառնությունը, ինչը դրդեց նրանց վերափոխել սուրճի համը՝ հարմարեցնելով այն իրենց քիմքին։
Եթե այցելեք Յազդ, ձեզ կզարմացնի տեղական քաղցրավենիքների բազմազանությունը, եվ հենց յազդցիների՝ քաղցրավենիքի հանդեպ սերն է ազդել սուրճի բաղադրատոմսի վրա՝ յուրահատուկ քաղցրություն հաղորդելով նրան։ Ահա այս յուրահատուկ եղանակն է այս տեսակ սուրճը «յազդյան» դարձնում։
Յազդի սուրճը այնքան սիրված է մարդկանց կողմից, որ նույնիսկ սգո արարողությունների և կրոնական ծեսերի անքակտելի մաս է դարձել (այս հանգամանքով պայմանավորված այն երբեմն «սգո սուրճ» են անվանում)։ Այստեղ հնուց ի վեր ընդունված է, որ մահից երեք օր անց հատուկ արարողություն են կազմակերպում, որի ընթացքում յուրահատուկ եղանակով սուրճ է մատուցվում։ Ոմանք այս իրողությունը կապում են սուրճի մեջ պարունակվող կոֆեինի և դրա հանգստացնող ազդեցության հետ։ Մյուսների կարծիքով յազդյան սուրճի քաղցր համը մեղմում և թեթևացնում է վշտի զգացումը։ Ուշագրավ է նաև այն, որ սուրճի սև գույնը նույնպես ասոցիատիվ կապ է ստեղծում սգո մթնոլորտի հետ։
Յազդում սուրճը մատուցվում է նաև Մուհարրամի սգո արարողությունների ժամանակ՝ մասնավորապես իմամ Հոսեյնի նահատակման երրորդ օրը։
Սուրճի պատրաստման եղանակը
Ավանդական յազդյան սուրճ պատրաստելու համար անհրաժեշտ է մեծ պղնձե աման և մի հսկա գդալ, որը յազդցիները «քամչալի» են անվանում։ Սուրճը պատրաստվում է ածխով տաքացվող կրակի վրա․ ցանկալի է օգտագործել զուգատերևի ածուխը, քանի որ այն մոխիր չի թողնում։ Սուրճը քաղցրացնում են յազդյան նաբաթով, երբեմն նաև շաքարավազով։ Բացի այդ, բաղադրության մեջ են մտնում նաև հիլը և վարդաջուրը։ Յազդից ոչ հեռու գտնվում է Դեհբալա գյուղը, որն ունի հայտնի վարդի այգիներ և բարձրորակ վարդաջուր։ Յազդցիները համոզված են, որ իսկական յազդյան սուրճը հենց Դեհբալայի վարդաջրով պետք է պատրաստվի։
Յազդի բազմաթիվ ճաշարաններ, թեյարաններ ու հյուրատներ զբոսաշրջիկներին յազդյան սուրճով են դիմավորում։ Այն մատուցվում է փոքրիկ թրծակավե ամաններով, այլ ոչ թե սուրճի բաժակներով՝ ձևով նույնպես հավատարիմ մնալով Յազդի ավանդույթներին։
| Անվանում | Յազդի սուրճը՝ համ, որ բխում է Յազդի սրտից |
| Երկիր | Իրան |
| Նահանգ | Յազդ |
| Dessert and side dish | |
| Registration | Ազգային |





