Իրանական խոհանոց

Բոնաբի քյաբաբը․ Իրանի համեղ այցեքարտերից մեկը

Պատմամշակութային ու տեսարժան վայրեր այցելելուց բացի, յուրաքանչյուր հաճելի ճանապարհորդության անբաժան մասն է նաև տվյալ երկրի համեղ ու ինքնատիպ տեղական խոհանոցը բացահայտելը։ Իրանում պատրաստվում են քյաբաբի բազմաթիվ տեսակներ, որոնք, չնայած պատրաստման որոշ ընդհանրություններին, միմյանցից տարբերվում են համով, բաղադրությամբ և մատուցման ձևով։ Իրանական ամենահամեղ և սիրված քյաբաբներից մեկը «Բոնաբի քյաբաբն» է։

Պատմամշակութային ու տեսարժան վայրեր այցելելուց բացի, յուրաքանչյուր հաճելի ճանապարհորդության անբաժան մասն է նաև տվյալ երկրի համեղ ու ինքնատիպ տեղական խոհանոցը բացահայտելը։ Իրանում պատրաստվում են քյաբաբի բազմաթիվ տեսակներ, որոնք, չնայած պատրաստման որոշ ընդհանրություններին, միմյանցից տարբերվում են համով, բաղադրությամբ և մատուցման ձևով։ Իրանական ամենահամեղ և սիրված քյաբաբներից մեկը «Բոնաբի քյաբաբն» է։

Այս քյաբաբն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում Իրանում, որ այն «քուբիդե» քյաբաբի կողքին, կարելի է համարել երկրի ամենասիրված քյաբաբի տեսակներից մեկը։ Հատկանշական է, որ Բոնաբի քյաբաբը նմանատիպ այլ քյաբաբներից տարբերվում է ոչ միայն պատրաստման եղանակով, այլև իր չափերով։

Դեռ չե՞ք հասցրել սովածանալ․ ուրեմն շարունակենք։

Բոնաբի քյաբաբը՝ Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգություն

2015 թ․ Բոնաբի քյաբաբի պատրաստման ավանդույթը ընդգրկվել է Իրանի ոչ նյութական մշակութային ժառանգության ազգային ցանկում։

Ինչպես հուշում է ուտեստի անվանումը, դրա պատրաստման ավանդույթը ծագում է Բոնաբ քաղաքից, որը գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում։

Բոնաբի քյաբաբի պատրաստումը բազմաթիվ նրբություններ ունի։ Դրանց ճիշտ պահպանումը պահանջում է մեծ ուշադրություն, փորձ և վարպետություն։ Այդ պատճառով Բոնաբի քյաբաբ պատրաստելը կարելի է համարել իսկական փորձություն նույնիսկ փորձառու խոհարարների համար։

Բաղադրիչները

Ստորև ներկայացված չափաբաժինները նախատեսված են չորս հոգու համար։

  • Գառան ֆիլե՝ 400 գ
  • Տավարի մեջքի միս՝ 400 գ
  • Սպիտակ սոխ՝ 3 միջին չափի
  • Աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Եթե օգտագործեք կենդանական կարագ, քյաբաբն ավելի հարուստ ու հաճելի համ կունենա։ Եթե այն հասանելի չէ, կարելի է օգտագործել նաև սովորական կարագ։

Սոխը պետք է հնարավորինս մանր կտրատել, սակայն խորհուրդ չի տրվում այն քերել։

Ճարպի որոշակի քանակ պարունակող միսը քյաբաբն ավելի հյութալի և համեղ է դարձնում։ Եթե օգտագործեք ամբողջովին անյուղ միս, քյաբաբը կարող է չոր և կոշտ ստացվել։ Եթե միսը բավականաչափ ճարպոտ չէ, կարելի է մի փոքր կարագ խառնել զաֆրանի հետ և խորովելու ընթացքում խոզանակով քսել քյաբաբի վրա։

Բոնաբի քյաբաբի պատրաստման եղանակը

Ավանդական եղանակով միսը մեծ սատուրով այնքան են մանրացնում, մինչև այն գրեթե աղացած մսի տեսք է ստանում։ Այս եղանակով պատրաստված քյաբաբը հայտնի է նաև որպես «սատուրով քյաբաբ» և առանձնանում է իր յուրահատուկ համով։

Տնային պայմաններում Բոնաբի քյաբաբ պատրաստելիս կարելի է միսն անցկացնել մսաղացով։ Եթե մսաղացը թույլ է տալիս միսը խոշոր աղալ, նախընտրելի է հենց այդ տարբերակը։ Կարևոր է միսը միայն մեկ անգամ աղալ, որպեսզի այն չափազանց փափուկ և խյուսանման չդառնա։

Աղացած միսը խառնեք մանր կտրատած սոխի հետ, ավելացրեք աղն ու սև պղպեղը և լավ հունցեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Նախընտրելի է դա անել ձեռքով, որպեսզի հնարավոր լինի ավելի լավ զգալ մսային զանգվածի կառուցվածքը։

Հունցումը շարունակեք այնքան ժամանակ, մինչև զանգվածը դառնա կպչուն և միասնական։ Այնուհետև տարան ծածկեք սննդային թաղանթով և առնվազն մեկ ժամով դրեք սառնարանում։

Սառնարանում պահելուց հետո զանգվածը հանեք և կրկին մի փոքր հունցեք։ Վերցրեք լայն և խոշոր շամփուրներ։ Մոտավորապես մեկ բռունցքի չափ զանգվածը ձեռքի մեջ գնդաձև ձևավորեք, ապա շամփուրը անցկացրեք դրա կենտրոնով և միսը հավասարաչափ տարածեք շամփուրի ողջ երկարությամբ։

Թեև այս գործընթացը առաջին հայացքից պարզ է թվում, իրականում այն զգալի հմտություն է պահանջում։ Եթե միսը շամփուրի վրա հավասարաչափ չտարածվի, քյաբաբը կարող է անհավասար խորովվել կամ նույնիսկ թափվել կրակի վրա։

Ինչպես խորովել

Բոնաբի քյաբաբը լավագույնս ստացվում է ածուխի վրա։

Պատրաստեք ածուխով մանղալ և շիկացած ածուխները հավասարաչափ տարածեք, որպեսզի ջերմությունը ամբողջ մակերեսով նույնը լինի։ Այնուհետև շամփուրները շարեք մանղալի վրա։

Առաջին մի քանի վայրկյաններին անհրաժեշտ է բավական ուժեղ օդ տալ կրակին, որպեսզի մսային զանգվածն արագ «կպչի» շամփուրին և չընկնի կրակի մեջ։

Ինչպես մատուցել Բոնաբի քյաբաբը

Բոնաբի քյաբաբը կարելի է մատուցել ինչպես բրնձով, այնպես էլ հացով։ Քյաբաբի հետ հատկապես համահունչ է իրանական ավանդական սանգաք հացը։

Ուտեստը սովորաբար ուղեկցվում է դուղով (թան), թարմ կանաչիներով, հում սոխով և թարմ կիտրոնով։ Կարելի է նաև ավելացնել սումախ, որը ոչ միայն ընդգծում է մսի համը, այլև նպաստում է մարսողությանը և մեղմացնում է չափազանց յուղոտ ուտեստի ծանրությունը։

Բոնաբի քյաբաբը պարզապես համեղ ուտեստ չէ․ այն Իրանի հարուստ խոհարարական մշակույթի, տեղական ավանդույթների և սերնդեսերունդ փոխանցվող վարպետության արտահայտություններից մեկն է։