Մահացել է ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը
Former Rector of the Yerevan State University Aram Simonyan has passed away at the age of 67, YSU PR manager Azniv Grigoryan confirmed the news to Armenpress.
Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ին հայտնել է համալսարանի հանրային կապերի ծառայության պետ Ազնիվ Գրիգորյանը:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 12-ին Գորիսում: 1961-1972 թվականներին Սիմոնյանը սովորել է Գորիսի միջնակարգ դպրոցում: 1972-1977 թվականներին ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: 1977-1981 թվականներին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան: 1983 թվականինին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։ 2000-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 2005 թվականին ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են: Գիտական հետազոտությունները վերաբերում են հայ ժողովրդի 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի պատմության հիմնահարցերին՝ մասնավորապես պատմական վիճակագրությանը, արդյունաբերական կապիտալի, ինչպես նաև Արցախի և Զանգեզուրի 1917-1921 թթ. պատմության խնդիրներին: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 10 թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների: Բազմիցս հրավիրվել է Իտալիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի և աշխարհի մի շարք այլ երկրների գիտակրթական կենտրոններ, որտեղ զբաղվել է գիտակրթական գործունեությամբ։
1981-1983 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտում որպես կրտսերգիտաշխատող, այնուհետև՝ գիտաշխատող: 1986-2000 թվականներին հանդիսացել է ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, այնուհետև՝ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ: 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, իսկ 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2000-ին դարձել է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ 2006-ի մայիսին ընտրվել, 2011-ի մայիսին վերընտրվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնում: 2008-ի հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր: 2015-ի հունիսի 25-ին ընտրվել է ԵՊՀ հիմնադրամի ռեկտորի պաշտոնում:
Գրել Ձեր մեկնաբանությունը.